Օվսաննա Հովսեփյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը
Երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, չեմ կարդացել, լուրերին չեմ հետևել, եղել եմ քաղաքականության նկատմամբ բացարձակ անտարբեր քաղաքացի։ Բայց երբ հեղափոխությունից հետո ինձ առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ, միացա որպես անկուսակցական, որ թափառող կենդանիների ոլորտի տարիների իմ գիտելիքների ու փորձի շրջանակներում օգուտ տամ իմ քաղաքին։ Այս մասին գրում է "Իմ քայլը" խմբակցության անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:
"Երկար տարիներ իմ բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ թափառող կենդանիներով զբաղվող համայնքային հիմնարկ է պետք, ոչ թե տարին մեկ տենդեր շահող մասնավոր կազմակերպություն։ Ու ուրախ եմ, որ նման կառույցի ստեղծման գործում ունեցա իմ համեստ ներդրումը։
Շնորհակալ եմ Hayk Marutyan-ին, որ քաղաքապետ դառնալուն պես հայտարարեց, որ սպանդի արատավոր պրակտիկան այսուհետ անցյալում է։ Ասեց ու արեց!
Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին՝ "մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր անկախ ավագանու անդամ"։ Բայց այդպես չեմ անի, քանի որ "քաղաքականություն-քաղաքականություն" խաղալու հավես չունեմ։ Ես ափսոսում եմ այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի "դեմ" պայքարի վրա։ Ավելի լավ է այն օգտագործեմ "հանուն" ինչ-որ բան անելու, քանի որ դեռ այնքան լավ գաղափարներ ունեմ իրականացնելու։
Որպես ավագանու անդամ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված։
Հ.Գ. նշեմ, որ վերջում աշխատում էի այն բանի վրա, որ ՀՈԱԿ-ում լեշմանիան ստուգվի ոչ թե մեկ թեստով, այլ լաբորատոր մեթոդով ու կանգնել էինք նրա վրա, որ քաղաքապետի կողմից համաձայնությունը կար ու նախահաշիվը կազմելիս արդեն դա նույնպես պետք է քննարկվեր ու ներառվեր։ Հուսամ դա անպայման կիրականացվի, քանի որ միայն 1 թեստի հիման վրա կենդանու քնեցումը անթույլատրելի է",- գրել է Հովսեփյանը Facebook-ի իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրենին Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին: Քաղաքապետ ընտրվեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Գործընթացից հետո ավագանու մի շարք անդամներ՝ Լիլիթ Պիպոյանը, Վահե Գևորգյանը վայր դրեցին իրենց մանդատները, ավելի վաղ նույնն արել էին նաև Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը: