Կառավարությունն ամսական 50 հազար դրամ է վճարելու 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար
Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում հաստատվել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչև երեխայի 6 տարեկան դառնալը 50.000 դրամի նպաստ վճարելու մասին որոշումը՝ ուղղված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
Համաձայն որոշման, 2022-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար վճարվելու է 50.000 դրամի նպաստ՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Գործադիրն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը. «Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ․ 10 131-ի դիմաց կավելանա տարեկան 8,14%-ով կազմելով՝ 2022թ․՝ 10 956, 2023թ․՝ 11 844, 2024թ․՝ 12 804, 2025թ․՝ 13 848 և 2025թ․՝ 14 976»,- ասված է որոշման նախագծում։
Կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ վերջին տարիներին բնական աճ կա ընտանիքներում 3-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ: «Ուսումնասիրություններով գնահատվում է այդ աճը հինգ տոկոս ու այս նախագծով մենք կկարողանանք արդեն 2025 թվականին գնահատել երեք տարվա արդյունքներն ու կանխատեսում ենք` ևս երեք տոկոս աճ տեղի կունենա», - նշեց նա:
Նախարարի խոսքով՝ այս նախագիծը ժողովրդագրական ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է ու ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրում առանձին կետ կա նշված՝ որտեղ պետք է մշակվի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը:
Ներկայիս կարգավորմամբ երեք և ավել երեխա ունենալու դեպքում պետական աջակցությունը միանվագ է տրամադրում, որը պահպանվելու է:
«Այս աջակցության վճարումը չի ազդելու երեխայի ծննդյան միանվագ աջակցությանը տրամադրմանը: Երրորդ երեխայից Հայաստանում ընտանիքը միանվանգ ստանում է 1 մլն դրամի աջակցություն, - ասաց վարչապետը և հավելեց. – Այս վճարումն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա»: Ըստ այդմ վարչապետը նշեց, որ այս վճարումներով մարդը կարող է զրկվել Փարոս համակարգում գրանցումից: