24.11.2024
Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ի շահերին ծառայող գլխավոր հռետոր ու խորհրդարանական
prev Նախորդ նորություն

Ենիգոմշյան. Եթե Սեֆիլյանը հեռվից հորդորի զենքը վայր դնեն՝ տղաները չեն գնա այդ քայլին

«Սասնա ծռեր» զինված խմբավորումն արդեն 34 ժամ է մնացել է առանց սննդի, բժշկական ծառայության ու հեռախոսակապի: Անջատված է նաև էլեկտրականությունը: Այս մասին Երևանի պարեկա-պահակային ծառայության գնդի հարող տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Վերջինիս խոսքով, անջատված են կապի բոլոր միջոցները: Ենիֆգոմշյանն այս ամենը իրավիճակը միտումնավոր սրացման տանող քայլեր է որակում՝ մեղադրելով իշխանություններին: Նրա խոսքով՝ եթե զինված խմբին սնունդ, ջուր, հաղորդակցության միջոցներ չեն տրամադրվում, դա նշանակում է, որ այս ամենը սուտ բանակցություններ են:

«Չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում՝ սրացման է տանում: Իսկ տղաներն այս օրերի ընթացքում ապացուցել են, որ կողմ են սրացման չգնալուն: Նրանց դրսի հետ կապ, սնունդ ու ջուր տրամադրելը կարող է նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, ոչ թե հակառակը: Իսկ նրանց մեկուսացումը, անընդհատ սպառնալիքի տակ պահելը բանակցությունների ոգուն ոչ հարիր երևույթ է»,-ասաց Ենիգոմշյանը:

Բանախոսը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ իրավապահները գիշերը փորձ են արել մոտենալ տարածքին, այսօր առավոտյան ռազմական ուղղաթիռը շրջել է տարածքով, դիպուկահարներն են անցել իրենց «սև գործին».

«Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի հնարավոր մասնակցությունը բանակցային գործընթացին, ապա Ենիգոմշյանի խոսքով դա ամենակարևոր խնդիրն է, քանզի նա կարող է ներդրում ունենալ այս իրավիճակի լիցքաթափման գործում։ Նա նշեց, որ իշխանությունները 8-9 օր է Սեֆիլյանին պահում են մեկուսացման մեջ ու փորձում նրան համոզել, որ հորդորի տղաներին վայր դնեն զենքը:

«Դրանք թյուր փորձեր են, Սեֆիլյանը նման քայլի չի գնա: Առավել ևս, եթե Սեֆիլյանը հեռվից նման հորդոր անի՝ տղաները չեն գնա այդ քայլին: Ժիրայր Սեֆիլյանը պահանջում էր Սերժ Սարգսյանի և տղաների հետ հանդիպում՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները, որոնք կարող են լինել միմիայն քաղաքական ճանապարհով: Առանց քաղաքական հանգուցալուծումների այս խնդիրը հանգուցալուծում չի ունենա: Նա ընդամենը ասել է, որ եթե կարողանա հանդիպել տղաների հետ, հասկանալ նրանց տրամադրությունները, իսկ դրանից հետո հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, ապա այդ հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ լինելու է իրավիճակի հանգուցալուծման փորձը»,- պարզաբանեց Ենիգոմշյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա շեշտեց՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, թե սկզբունքնորեն հետ է կանգում Սերժ Սարգսյանի հեռացման պահանջից և այս իմաստով թյուրըմբռնում չպետք է լինի:

Իսկ եթե Ժիրայր Սեֆիլյանին հնարավորություն չեն տալիս լրագրողների առաջ հանդես գալ, նշանակում է, որ վախենում են նրա ասելիքից, որը չեզոքացնելու է քարոզչական նպատակներ հետապնդող իրենց քայլերը:

«Սասնա ծռեր»-ի գործողությունները համակարգող մարմնի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մինչեւ այսօր՝ ժամը 20:00-ը, ժամանակ տալով իշխանություններին՝ լուծելու «Սասնա ծռեր»-ի էլեկտրականության, կապի եւ սննդի հարցը: Հակառակ դեպքում՝ նրանք կոչ են անում երկրի ամբողջ տարածքում ստեղծել քաղաքական անհնազանդության օջախներ:

Նշենք, որ այսօր արդեն 8-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ՊՊԾ գնդի տարածքը: Վերջին պատանդներն ազատ են արձակվել շաբաթ օրը, այդ օրն էլ հայտարարվեց, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: