26.11.2024
Իսրայելի Քնեսեթը բացեց դուռը դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում
24.05.2018
Իսրայելի Քնեսեթը բացեց դուռը դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում

Իսրայելի Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Вести Израиль-ը: Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը՝ անկախ Թուրքիայի հետ կապված իրավիճակից: «Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը որպես հրեաներ և որպես պարզապես մարդիկ: Պարտքը, որի կատարման կոչով արդեն քանի տարի է հանդես եմ գալիս: Ամաչում եմ լսել, թե ինչպես են ժողովրդի ընտրյալները և հասարակական գործիչները Ցեղասպանության ճանաչումն անվանում «պատասխան թուրքերին»: Մի՞թե պատմությունը փոխվում է Էրդողանի հետ մեր հարաբերություններից»,- հավելել է Էդելշտեյնը: Նախագծի հեղինակ Տամար Զանդբերգը ասել է. «Ճանաչելուց հրաժարվելը ստվեր է նետում Իսրայելի բարոյական կերպարի վրա, հատկապես այն ֆոնին, որ այդ մերժումը թելադրված է քաղաքական նկատառումներով»: Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացվեց, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ դատապարտելով պաղեստինցի ցուցարարների սպանությունը: