Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին ասված է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարության մեջ․ "Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։ Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։ Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակինն է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են"։