24.11.2024
ՀՀ իշխանությունը պառակտումներ է մտցնում արցախահայության մեջ. Գեղամ Մանուկյան
prev Նախորդ նորություն

Իշխանության թիվ մեկ թիրախը կլինի Դաշնակցությունը, իսկ դրան կհաջորդի ԱԺԲ-ն. Մելիքյան

Հայաստանի տարածքում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն ձևավորելու ցանկացած փորձ շատ կոշտ հակազդեցության կարժանանա ՀՀ իշխող վերնախավի և ուժային կառույցների կողմից։ Այս մասին գրում է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:


"Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունների այսօրինակ մոտեցումն աջակցություն ստանա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք, ինչպես, օրինակ, «Ազգային ժողովրդավարական բևեռը» (կրճատ՝ ԱԺԲ), համարելով Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք, արցախյան պետականության գոյությունը պառակտում առաջացնող հակազգային մարտահրավեր էին հռչակել։


Դրան հակառակ, Դաշնակցությունը, հավանաբար, առայժմ ուժերի ներածին չափով կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության անկախ պետականության գաղափարը, այն դիտարկելով որպես Հայաստանում Փաշինյանի թիմի դեմ ներքաղաքական ընդդիմությունն ամրապնդող կարևոր գործոն։ Նույն պահվածքը, թերևս, կորդեգրի նաև Հանրապետական կուսակցությունը։

Քանի որ Փաշինյանի որդեգրած քաղաքական գիծը ենթադրում է խաղաղ համակեցության հաստատում Հայաստանի ու Ադրբեջան-Թուրքիա տանդեմի միջև, ապա միանգամայն տրամաբանական է լինելու վերջիններիս պահանջը ՀՀ տարածքում հակաթուրքական ու հակաադրբեջանական գաղափարախոսական դրույթներով առաջնորդվող քաղաքական ուժերի թշնամական գործունեության կասեցում։ Այս շարքում թիվ մեկ թիրախը, թերևս, կլինի Դաշնակցությունը, իսկ դրան կհաջորդի ԱԺԲ-ն։