30.09.2024
Բաքվի նպատակն է վերահսկողություն ապահովել ամբողջ Արցախի, իսկ հետո Սյունիքի նկատմամբ
18.04.2022
Բաքվի նպատակն է վերահսկողություն ապահովել ամբողջ Արցախի, իսկ հետո Սյունիքի նկատմամբ

Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ոչ միայն արդարացված չէ, այլեւ կարող է հարված հասցնել Հայաստանի պետականությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունները և ներխուժել Հայաստանի տարածք Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ։ «Ադրբեջանի նպատակն է սկզբնական փուլում վերահսկողություն ապահովել ամբողջ Արցախի վրա, որից հետո կհաջորդի Սյունիքը, որպեսզի ապահովի Թուրքիայի հետ անխափան հաղորդակցությունը, իսկ հետո կհաջորդեն Հայաստանի մյուս տարածքները, ինչի մասին Բաքվում արդեն իսկ բավականին բացահայտ խոսում են»,- ընդգծեց նա։ Իշխանությունների կողմից հնչեցված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները կսահմանափակեն հայկական կողմի հնարավորությունները արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում, նշել է Աբրահամյանը։ «Իջեցնելով նշաձողը և խոսելով Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հավանականության մասին՝ մենք փակում ենք դռները Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացման համար»,- ասաց պատգամավորը։ Աբրահամյանն ընդգծել է, որ առնվազն մինչև 2018 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արցախյան հիմնախնդրի լուծման հարցը դիտարկում էին ինքնորոշման իրավունքի իրացման տրամաբանության մեջ։ «Այն, որ մեզ փորձում են համոզել, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելը այլընտրանք չունի, վկայում է ներկայիս իշխանության՝ խնդիրը լուծելու անկարողության մասին։ Այս իշխանությունն արդեն իսկ դրսևորել է պատասխանատվության իսպառ բացակայություն, քանի որ զբաղված է միայն պատասխանատվությունը ուրիշների վրա դնելով»,- ընդգծեց նա։ Նման իշխանությունը, վստահ է պատգամավորը, ի վիճակի չէ լուծել ոչ միայն արցախյան հակամարտությունը, այլև որևէ այլ խնդիր։