23.11.2024
Վահագն Խաչատուրյանը ստիպված է հրաժարական ներկայացնել և պատասխանատվության ենթարկվել
prev Նախորդ նորություն

Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում երկօրյա աշխատաժողովից հետո, ինչպեսեւ գրել էինք, այցելել են Կիրանց, որպեսզի տեսնեն «փառահեղ սահմանազատումը»: Սակայն այցը հարթ չի ընթացել։ Չնայած ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին, որոշել են անսպասելի այցելել, որ մարդիկ չիմանան՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից, սակայն մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանին եւ դիվկորպուսի ներկայացուցիչներին «ըստ արժանվույն» են դիմավորել։ Դեսպանները եղել են սահմանին եւ փոքր-ինչ խորացել են գյուղամեջ։


Չնայած Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցեցիներից ոմանք, տեղեկանալով այս ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել: Դպրոցի ճանապարհին գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել։


ԱԳՆ-ն պաշտոնապես հաղորդեց. «ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։ Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։ Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողությանն իրենց չմասնակցելը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել: Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել: Նիստին ներկա է եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տեւել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսեւորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ եւ, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի՝ 2023 թվականի հունվար 25-ին, հրահանգներ էր տալիս՝ «Ներկայացնե՛լ ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ»: Ցավոք, մեկ տարի անց «անակնկալը» չուշացավ կառավարության ղեկավարի համար․ Նիկոլ Փաշինյանի սիրելի ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա»-ն, ձախողվեց, այսինքն՝ ամեն ինչ ձախողվեց դեռ աշխատանքի թափ չստացած։ 2023 թվականին՝ ԱՆԻՖ-ի հաշվետվության ժամանակ, արձանագրվել էր․ «ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար (82 միլիարդ 845 միլիոն), 2021-2022 թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ»։


Իսկ երեկ նույն կառավարութան որոշմամբ՝ լուծարվեց ներդրումների հիմնադրամը: ԱՆԻՖ-ի լուծարման նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում՝ Ընկերությանը տրամադրվել է 1 միլիարդ 700 միլիոն դրամ գումար։


Նշված գումարով 08.08.2024 թ. դրությամբ մարվել է 1 միլիարդ 277 մլն ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք վարկի մարումներ են, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձեր, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճարներ և այլ վճարներ։ Գումարի մնացորդը կազմում է 422 մլն 019 հազար ՀՀ դրամ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ի աշխատանքը բարձրացնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի թանկարժեք բառամթերքով նախադասությունները փուչ էին։ Ներդրումների համար նախատեսված 1 միլիարդ դրամը մսխվել է առ ոչինչ։ Որտեղ են վերը նշված 800 աշխատատեղերը՝ հարցական է։ Ի՞նչ է սա, եթե ոչ հեղափոխական թալան։ Վարչապետ Փաշինյանի փափագած երազները, թե ԱՆԻՖ-ը կունենա փայլուն ապագա և հզոր ներդրումներ կբերի Հայաստան, ձախողվեց։ Ընդ որում, այդ հիմնադրամի և՛ բացումը և՛ փակումը միասին՝ ՀՀ աղքատիկ, արտաքին ու ներքին պարտքի տակ կքած բյուջեի վրա արժեցան գրեթե 84 միլիարդ դրամ կամ 216 միլիոն դոլար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը, իրավաբանների կարծիքով, անօրինական է եւ հակասության մեջ է այլ օրենքների հետ: Երեկ էլ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է. «2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»։ Բայց չէ՞ որ դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, եւ ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ. Քրեական գործով դատարանը կարող է պատիժ սահմանել միայն ամբաստանյալի, այլ ոչ թե երրորդ անձանց նկատմամբ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային շինարարության աճով, սակայն հատկանշական է, որ սկսել են աճել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Այսինքն՝ հիփոթեքային վարկերը դարձել են շինարարությունն առաջ մղող խթան. մարդկանց վճարած գումարով մի ամբողջ շենք է կառուցվում։


Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում եւ դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաեւ գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։ Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։ Այսինքն՝ առաջարկ կա՝ գինը ցածր է, պահանջարկ կա՝ բարձրանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, բնակարանների վաճառքը քչանա, սակայն սանդղակը գուցե կրկին բարձրանա՝ մարզերում մեկնարկելուց հետո»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորեցվեցին «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարում ստադիոնում 1 մլրդ 200 մլն դրամ ներդնել: Նույն ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրվեցին նաեւ Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեի շինությունները, որտեղ ընկերությունը, «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Սա Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիան է: Իսկ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, 2004 թ․ հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով այն օտարվել է վարձակալին: Վաճառքի գինը՝ 87 մլն 520 հազար դրամ: Տարեսկզբին դատախազությունը հայտնեց, թե պարզել է, որ մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից 200 անգամ ցածր գնով. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ սկսվեց՝ Քրօր․ 441-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։


Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը երեկ պնդում էր, որ ստադիոնն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը․ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»: Հարցրինք` ինչ-որ բա՞ն եք պատրաստվում անել։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն էսօր ինչ ուզում, անում է»։ Հանձնելո՞ւ եք Ձեր սեփականությունը։ «Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»: Խոսակցություններ կան, որ նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություններ ունի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 9.5%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.0%-ով: Կառավարության պարտքը նույն միտումներն է ունեցել. դոլարային արտահայտությամբ աճել է 10.3%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.8%-ով: Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության առաջին տարիներին պետական պարտքի չափը նվազեցնելու մասին վանկարկող իշխանություններն այնքան են խախտել պետբյուջեի ֆինանսական ելքերն ու մուտքերը, որ հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը։


«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից պահանջել էր տրամադրել, թե 2018 թվականից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 8-ը.


1. քանի՞ վարկ է ձեւակերպվել Հայաստանի Հանրապետության անունից


2. նշված վարկերը միասին որքա՞ն (դրամ) են կազմում


3. ներկայացված վարկերը ո՞ր երկրներից եւ ո՞ր բանկերից են վերցված. բոլոր վարկերի վերաբերյալ ներկայացրե’ք տեղեկությունը` հատ առ հատ։ 


4. առանձին-առանձին ներկայացրեք նաեւ, թե ո՞ր վարկը քանի՞ տարով է ձեւակերպված։


«Հատ» բառը շեշտված չէ պատահաբար, այն հարցմանն առավել հստակ պատասխան ստանալու համար է։ Ինչեւէ, ինչպես ակնկալում էինք՝ պատկերը, մեղմ ասած, վախեցնող էր։ Նախ, որպես փաստ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ձեւակերպված վարկերի մարման ժամկետը 25 տարի է՝ գրեթե մինչեւ 2050 թվականը, ավելի կոնկրետ՝ ժամկետները ձգվում են Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության ավարտը։ Սա ոչ թե պատահականություն է, այլ հենց մտածված ռազմավարություն։ Այսպիսով, Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 25,15 եւ 19 տարի ժամկետներով 13 վարկ ունի։ 1 վարկը սկսվում է 7 մլն 400 հազար եվրոյից մինչեւ 236 մլն եվրո՝ գրեթե 101 միլիարդ դրամ։


Վարկային նպատակները տարբեր են՝ Երեւանի ավտոբուսների ծրագրից մինչեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցում։ Հետաքրքիրն այն է, որ վերցված վարկի բեռը շոշափելի է, սակայն ծրագրերի զգալի արդյունքը չի երեւում. պետական պարտքը հատել է թույլատրելիի շեմը, բյուջեի պակասուրդը հատել է 288 միլիարդը, իսկ իշխանությունը կարծում է, որ բյուջեի դեֆիցիտը լրացնելու եւ պետական պարտքը մարելու համար հույսը պետք է դնել հարկատու քաղաքացու վրա՝ փորձելով հարկերն ավելացնել, տաքսիստներից 20-40 դրամ գանձել եւ այլն. իրենց ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, պետբյուջեի հաշվին որեւէ կերպ չի տնտեսվում»: