Մամուլ. ԽԾԲ-ի նոր վերելքը. Սերժ Սարգսյանի օգնականի տղան, քեռին, բաջանաղը՝ ՊԵԿ-ում
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում ԽԾԲ-ն նոր վերելք է ապրում։ Ամիսներ առաջ օպտիմալացման և խնայողության անվան տակ հարկային տեսչություններում վերացվեցին բաժնի պետի տեղակալի հաստիքները։ Օրերս այն կրկին վերականգնվել է, և օրինակ՝ Կենտրոնի հարկայինի պետի տեղակալ է նշանակվել Զվարթնոցի մաքսայինի «տխրահռչակ» պետ, Սերժ Սարգսյանի օգնական Տիգրան Զաքարյանի որդու բաջանաղ Էդիկ Պապյանը, ով մինչ այդ հարկայինի տեսուչ էր։ Նշենք, որ ՊԵԿ-ում է աշխատում նաև բաջանաղի որդին։ Փաստացի հարկայինում են աշխատում Տիգրան Զաքարյանի տղան, քեռին, բաջանաղը, բաջանաղի որդին։ Սա ու բազմաթիվ այլ օրինակներ փաստում են, որ ՊԵԿ-ում դեռևս նախկին բարքերն են, ու նախկինների ավանդույթները շարունակվում են»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձեւավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաեւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ: Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը եւ ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որեւէ մեկով: Իսկ հիմնական մտահոգությունն այն է, որ որեւէ իշխանական պատգամավորի մանդատը վայր դնելը հղի է նոր ցնցումներով, հատկապես որ, առանց այն էլ, կուռ կոլեկտիվ չեն իշխանական օրենսդիրները եւ հնարավոր որեւէ ինտրիգի դեպքում` ավելի շուտ կհրաժարվեն «Իմ քայլից», քան մանդատից, եւ սա լավագույնս հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։ «Հիշենք, որ մինչ այս Վենետիկի հետ հարցերը կարգավորում էր Արարատ Միրզոյանը` Գագիկ Հարությունյանի միջոցով, սակայն ահագին ժամանակ է, ինչ Հարությունյանը չի ցանկանում այլեւս համագործակցել Արարատի հետ` հասկանալի պատճառներով։ Հիմա Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի դրական եզրակացություն բերի Վենետիկից` հանրաքվեի չեղարկման եւ դատավորների` 12 տարվա պաշտոնավարմանն առնչվող։ Ռուբինյանը Փաշինյանին խոստացել է, որ լավ է լինելու։ Բայց Վենետիկն ու հարգարժան Ռուբինյանը խնդիր ունեն հայաստանյան ներքաղաքական-ներխորհրդարանական կոնսենսուսի մասով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Կոնսենսուսի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի։ «Այո. հիմա կենտրոնացումը կրկին ծեծված «Լուսավոր Հայաստանի»` Էդմոնի վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ։ Հիշեցնենք` Էդմոնենք արձանագրել էին, որ պետք է ՍԴ-ի հարցը լուծվի պառլամենտում եւ ոչ հանրաքվեով, ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, խոսելու են «մեծի» հետ, գնալու են Առինջ` բանակցելու այդ հարցերով. նկատեցիք` նախորդ օրը ԲՀԿ-ն հանրաքվեի առիթով ոտքը գազից հետ չէր քաշում՝ իրենց պայմանը Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը փոխելու կոմպրոմիսն է»: Այդ ամե՞նն էր պատճառը, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Այո»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի մայիսին լրանում է նորանկախ Հայաստանի խորհրդարանի ձևավորման 30-ամյակը: Խորհրդարանի ղեկավարությունը ուզում է մի հարկի տակ հավաքել 1990-95թթ. գործած Գերագույն խորհրդի և ԱԺ բոլոր յոթ գումարումների պատգամավորներին, և համատեղ նշել այդ տարելիցը, սակայն դրան խանգարում է կորոնովիրուսի համավարակը: Չնայած մտադրությունը ուժի մեջ է և կարող է իրականացվել իրավիճակի կայունացման դեպքում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական քառօրյան հնարավոր է ձգվի մինչեւ եկող շաբաթվա կեսը, ապա, կառավարության առաջարկով, արտահերթ նիստ է հրավիրվելու։ Նախապես պլանավորված էր, որ հունիսի 2-ից պետք է մեկնարկեին 2019 թ․ պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները, բայց քանի որ հերթական եւ արտահերթ նիստերը կձգվեն հունիսի առաջին շաբաթը, կատարողականի քննարկումը հետաձգվել է․ կմեկնարկի հունիսի 5-ին։ Ներածական խոսքով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։ Առողջություն եւ թեթեւ ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։ Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի որդու հետ։ Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լուրեր են պտտվում, որ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանապետի գործողությունները ոստիկանությունում մեծ դժգոհություների տեղիք են տալիս: ՌՈ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանն ազատվում է Ռազմական ոստիկանության հին կադրերից եւ ՌՈ է ընդունում նոր կադրեր, եւ այդ նոր անձանց, ըստ լուրերի, հենց այնպես չեն ընդունում աշխատանքի, այլ կլորիկ գումարի դիմաց են դա անում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ լրատվական բաժին, ինչին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց. «Գնդապետ Աղաջանյանը պաշտոնավարման ընթացքում ՌՈ-ից ոչ մեկին չի հեռացրել, սակայն ժողովների ընթացքում հայտարարել է, որ եթե սահմանված պահանջների կատարման ընթացքում թերացողներ լինեն, օրենքով սահմանված կարգով տույժ կկիրառվի, կարծում եմ` նման մեղադրանքները ճնշում գործադրելու փորձեր են ՌՈ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի վրա, իսկ եթե փաստեր կան, թող հաղորդում տան»: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել ՌՈ-ում տիրող իրավիճակին եւ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակումից հետո տիրող իրավիճակին: Գրել էինք նաեւ, որ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում հայտնվել է Դավիթ Տոնոյանի շնորհիվ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Փաստահավաք խմբի ձեւավորման հարցը, որը պետք է գնահատական տա անցյալում կատարված խախտումներին՝ 1991-ից մինչեւ 2018 թվականների ընդգրկումով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս կայքում նախագծի հրապարակումը՝ 2019 թվականի վերջին, արդեն նման հանրային քննարկում է եղել նախագիծը կազմելու շուրջ, որին մասնակցել են ներայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, փորձագետներ, օրենսդիր մարմնից ներկայացուցիչներ: Եվ, մեր տեղեկություններով, ներկաներն այնքան էլ ոգեւորված չեն եղել այս խմբի ստեղծումով՝ այն համարելով նաեւ ավելորդ ֆինանսական բեռ եւ ծանրաբեռնվածություն: Բանն այն է, որ այս հանձնաժողովն ունենալու է առանձին բյուջե՝ արտացոլված պետական բյուջեի նախագծում: Տեղեկացանք, որ քննարկումը կազմակերպվել էր դեկտեմբերին՝ փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ ընդդիմադիր խմբակցություններից ներկա են եղել Անի Սամսոնյանն ու Գեւորգ Պետրոսյանը: Սակայն ուշագրավ է, որ իշխող խմբակցությունից ոչ ոք ներկա չի եղել քննարկմանը:
Իշխանությունն այս փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը: Ուսումնասիրության առարկա, ըստ նախագծի, կդառնան ընտրություններն ու հանրաքվերը կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, ունեզրկման դեպքերը, այդ թվում՝ հանրության գերակա շահի անվան տակ կազմակերպված, նաեւ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Նախագծով հանձնաժողովը պետք է ձեւավորված լինի 2021-ի սկզբին, գործողության ժամկետը երկու տարի է, խիստ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել եւս մեկ տարով: Հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից։ Հանձնաժողովի 9 անդամներից երեքի թեկնածությունը առաջարկելու են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ մնացած վեց թեկնածուներին ներկայացնելու են Ազգային ժողովի խմբակցությունները։ Բայց այստեղ մի հետաքրքիր մեխանիզմ կա. յուրաքանչյուր խմբակցություն, բացի իր թեկնածուին ներկայացնելուց, ներկայացնում է նաեւ հասարակական կազմակերպություններից մեկական ներկայացուցչի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը միաձայն ընդունեց համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մասին օրենքների փաթեթը․ խոսքը 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների, ասել է թե՝ մեծ քաղաքների մասին է։ Դրանով հասկանալի է դառնում, թե ինչու է իշխանությունը տեռոր սկսել համայնքապետերի դեմ։ Նրանց դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը, կարծես, արդյունք չի տալիս՝ հրաժարական չեն տալիս։ Հիմա իշխանություններն անցել են կոմպրոմատների միջոցով ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծելու մեթոդին։ Տեղեկացանք, որ Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել՝ անելիքները հասկանալու համար։ Գործող համայնքապետերից ազատվելուց հետո կհայտարարվեն նոր ընտրություններ, եւ համամասնական ընտրակարգով հնարավոր կլինի ՏԻՄ-երում իշխանություն վերցնել ու դիրքավորվել գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Բանն այն է, որ համամասնական ընտրակարգի պարագայում ժողովուրդն ընտրություն է կատարելու ոչ թե անհատ թեկնածուների, այլ քաղաքական ուժերի միջեւ, եւ այստեղ Փաշինյանի առջեւ մանեւրի լայն հորիզոն կբացվի, գործի կդրվի կրկին սեւ-սպիտակի բաժանումը։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանական թեկնածուները չունեն այնքան հեղինակություն, որ միայնակ հաղթեն, ինչպես եղավ Կապանում եւ Աբովյանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։ Ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունների անվան տակ իշխանությունները նպատակ ունեն ազատվել նախարարության անցանկալի աշխատակիցներից։ Խոսքը գլխավորապես այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն կուսակցական պատկանելություն (հատկապես ՀՅԴ եւ ՀՀԿ) եւ նախարարությունում աշխատում են երկար տարիներ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաեւ, որ այդ փոփոխությունների համակարգողը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Ի դեպ, հենց նրա կողմից է կոնկրետ վերահսկվում կադրային զտման քաղաքականությունը փաստացի բոլոր գերատեսչություններում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունում՝ առավել եւս, քանի որ այս կառույցն արդեն տեւական ժամանակ ղեկավար չունի։ Հիշեցնենք, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 5-ին: Այս ընթացքում քննարկվում էր նախարարի պաշտոնի թեկնածուների տարբեր անուններ: Կառավարության մեր զրուցակցի տեղեկություններով, ամենահավանական թեկնածուներից մեկը շրջակա միջավայրի նախարարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ մեր տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Բանն այն է, որ այդ կազմը հաստատվում է նախարարի գիտությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացվել: Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Ես նախկինում եղել եմ տուրիզմի կոմիտեի նախագահը, խորհրդարան գալուց հետո արդեն այժմյան տուրիզմի նախագահն է ընդգրկվել»: Իսկ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Մի քանի օր առաջ եմ տեղեկացել դրա մասին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցեսիոն պայմանագրով շահագործող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը սկսել է բողոքել, որ տարիներ շարունակ վաճառվում է երկաթուղային այն ենթակառուցվածքը, որը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներից: Երևան քաղաքում գտնվող երկաթուղային ցանցը, որը երկաթուղին միացնում էր առանձին տնտեսվարողների, քանդվում և ոչնչացվում է, որի արդյունքում երկաթուղին կորցնում է իր հաճախորդներին և տնտեսական շահավետությունը: Խորհրդային Հայաստանում բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները իրար միացված էին երկաթուղային ցանցով: Հիմա այդ ձեռնարկությունները մասնավոր են, և ով ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում է իր տարածքով անցնող երկաթուղու ճակատագիրը»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։ Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։ Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում եւ գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։ Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաեւ մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։ Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետեւողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին եւս հորդորվել է իրենց համայնքներում հետեւողականություն դրսեւորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիներն աստիճանաբար դառնում են Ճանապարհային ոստիկանության նոր՝ ծածուկ ծառայության «զոհը»։ Երեկ քաղաքացիներից մեկը դիմելով մեր խմբագրություն՝ դժգոհեց, որ ծառայության ոստիկանները ընտրողաբար են աշխատում և խտրական մոտեցում են ցուցաբերում։ Մասնավորապես, ըստ մեզ դիմած վարորդի, ինքը 10 տարի շարունակ նույն ճանապարհով երթևեկել է, երեկ էլ նույն կերպ դուրս է եկել գլխավոր ճանապարհ։ Իր դիմացից նույն ճանապարհով երթևեկել են այլ մեքենաներ, բայց երեկ ՃՈ ծածուկ ծառայության տեսուչները կանգնեցրել են իրեն և ասել, որ խախտում է թույլ տվել։ Վարորդը ընդունել է իր սխալը, բայց ծածուկ ծառայության ներկայացուցիչները միայն իրեն են կանգնեցրել և տուգանել։ Դիտարկմանը՝ եթե այդ հատվածով երթևեկել չէր կարելի, ապա ինչու է միայն ինքը տուգանվում, ճանապարհային ոստիկանության տեսուչները պատասխանել են, որ մյուս մեքենաները «Ժիգուլի» էին, ու ղեկին էլ տարիքով մարդիկ էին։ «Եթե իրենք այդքան արդար են ու կարգապահ, ապա թող բոլորին տուգանեին, ոչ թե մենակ ինձ։ Ես հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում»,- վրդովված դժգոհեց վարորդը՝ հավելելով, որ այդ խախտման համար իրեն տուգանել են 10 հազար դրամ»։
«Փաստ» թերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքում: Նշվում է, որ կամավորի իրավական կարգավիճակի օրենսդրական ամրագրման բացակայությունն էական խոչընդոտներ է առաջացնում կամավորներին անօրինական աշխատողներից տարանջատելու հարցում: Մեկ այլ խնդիր է, երբ կամավոր աշխատանքների կատարման համար օրենսդրորեն նախատեսված չեն լինում պայմանագրային կարգավորման վերաբերյալ պարտադիր պահանջներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ կամավորները զրկված լինեն որոշակի իրավական, սոցիալական և այլ երաշխիքներից: Օրենքի ընդունմամբ կամրագրվեն մի քանի սկզբունքներ, ինչպես օրինակ՝
1. կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները, կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտները,
2. կամավորի, կամավորական կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները, կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասով հարկային արտոնությունների սահմանումը, կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման երաշխիքները և այլն: Իհարկե, սրանք առաջարկվող բոլոր կարգավորումները չեն: Միևնույն ժամանակ նշվում է՝ կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում օրենքի նախագծով չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» ԲԿ: Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածներ Զորիկ Պարոնիկյանի եւ Ավետիսյանի հարազատները եւ ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Արմեն Հայթյանը, Դավիթ Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել եւ փորձել էին սպանել նրանց, ավելին՝ կտրել էին հորեղբոր որդիներ Արմեն Հայթյանի եւ Դավիթ Հայթյանի պարանոցը, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ:
Ի դեպ, Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո մինչ օրս կրքերը չեն հանդարտվում, եւ իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ վենդետան կշարունակվի: Եվ, ահա, այսօր լրացավ աղմկահարույց միջադեպի 1 ամիսը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը գործով հայտնվել է փակուղու առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը: Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել: Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում:
Ինչեւէ, այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառ» բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար: Այսպիսով, ի՞նչ վիճակում են պարանոցը կտրած երիտասարդները, ինչո՞ւ չեն հայտնում, թե որտեղ են նրանք գտնվում, եւ, առհասարակ, ի՞նչ են պատմել նրանք իրենց դեպքից: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արման Թամրազյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչ է եղել այդ օրը, եւ ինչպես են ծակել Դավիթ Հայթյանի պարանոցը ու սիրտը, ու ինչպես է բժիշկը թել ու ասեղով կարել սիրտը. «Ես՝ որպես փաստաբան, մասնակցել եմ իր հարցաքննությանը, միջնորդություն եմ ներկայացրել, որ իրեն տուժող ճանաչեն, քննչական մարմինն առանց որեւէ հիմքի միջնորդության լուծումը հետաձգել է: Դավիթ Հայթյանը էդ դեպքի, կրակոցների հետ որեւիցե առնչություն չի ունեցել. ցուցմունքներով էլ հաստատված է, որ Դավիթ Հայթյանն այդ պահին եղել է իր անասնաֆերմայում: Իր հորեղբոր տղան՝ Արմենը, զանգել, ասել է՝ շտապ արի հիվանդանոց, էս մարդն էլ իր գործերը թողել, գոմի շորերով նստել է մեքենան եւ եկել հիվանդանոց: Եկել, տեսել է՝ հիվանդանոցի մոտ հավաքված են, մտել է, որ տեսնի հորեղբոր տղային, առաջին հարկում՝ վերելակի մոտ է հանդիպել»: