22.12.2024
Թուրքիայում անհանգիստ են՝ ՀՀ վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում. Ղազինյան
01.08.2022
Թուրքիայում անհանգիստ են՝ ՀՀ վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում. Ղազինյան

Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ որ պահին կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ: 2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր:Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից: Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար:Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցները արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերը օրեցօր նվազում են: Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար:Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունը օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին: Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություններն ի վերջո տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանալու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ . . .»,-գրել է նա: