22.12.2024
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. տնտեսագետ
18.08.2022
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. տնտեսագետ

16․08․2022 թվականին ՀՀ կառավարությունը իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/4648) տեղադրել է ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ։ Սա հերթական արկածախնդրությունն է պարտադիր կուտակայինի հեղինակների կողմից։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ շարունակելով. "Ժողովրդական լեզվով ասված՝ ցանկանում են «ղումար» խաղալ շարքային քաղաքացիների փողերով։ Սա սխալ և ժամանակավրեպ նախագիծ է և օր առաջ պետք է կասեցնել։ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը, ի հաշիվ շարքային քաղաքացիների կուտակած միջոցների, շարունակում են աջակցել մասնավոր ֆոնդերի կառավարիչներին և խիստ ռիսկային ու կասկածելի կազմակերպություններին, մասնավորապես՝1․ իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից, քանի որ դա ավելացնում է գործառնական ծախսերը, որը պահվում է շարքային քաղաքացիների կուտակած միջոցներից։ 2014 թվականից պարտադրված հանդիսանալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, հստակ կարող եմ նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆոնդի կառավարչից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում չեմ ստացել, մինչդեռ նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իմ դեպքում՝ ֆոնդի կառավարիչը, չկատարելով օրենքով սահմանված պարտավորությունը, ստացել է գործառնական ծախսերի համար փոխհատուցում։ Հուսամ՝ կենտրոնական բանկը հրապարակային պարզաբանում կտա փաստացի չկատարված ծանուցումների և գանձվող գումարների մասով։2․ 2022 թվականի մայիսի դրությամբ պարտադիր կուտակային գումարների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում․ երբ քաղաքացիները(մասնակիցները) չեն ընտրում ֆոնդի տեսակը, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է պահպանողական ֆոնդը, որը ենթադրում է, որ պետք է միջին ռիսկայնություն ունենալ։ Օրենքի նախագծով՝ նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ավելի ռիսկայն կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ ի տարբերություն ավանդների և պարտատոմսերի՝ բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։3․ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին և արտաքին գործոններով պայմանվորված կուտակային ակիտվների արժեքը նվազել է 9-10 տոկոսով։ Փաստացի, այս օրենքի նախագծով, կենտրոնական բանկը նախատեսում է էլ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների ներդրումներ կատարելու ռիսկայնությունը։ ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով, այսինքն՝ շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որևէ երաշխիք։4․ Օրենքի նախագծի համաձայն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել։ Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։ Հիշեցնեմ, որ Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում են ֆրանսիական և գերմանական կորպորացիաների դուստ ընկերոթյուններ, հետևաբար, ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում և նպաստել իրենց երկրների զարգացմանը",- գրել է Պարսյանը։