23.11.2024
ՀՀ զարգացման ցանկացած տեսլական թերի է, եթե հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը
prev Նախորդ նորություն

Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ կլինեն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը, որի մեկնարկին մասնակցել էին նաեւ ՀՀ վարչապետը, նախագահը, փոխվարչապետները: Տեղեկատվություն գրեթե չտրամադրվեց, միայն ՀՀ նախագահի ելույթը տեղադրվեց: Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան: Քամահրական ու կոպիտ լեքսիկոնով իր վիճելի ու կիսագրագետ մտքերն է արտահայտել, համարյա ուլտիմատում տվել, թե` դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք: Թեեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է առաջ տանում, բայց մի քանի հոգի համարձակվել են խիստ մեղմորեն կարծիք հայտնել, ինչը չի լսվել: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ:


Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը: Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնեւ, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաեւ արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջիկայում կադրային էական փոփոխություններ է նախատեսում իրականացնել: Ավելին, նույնիսկ կոնկրետ ժամկետներ են նշվում. մասնավորաբար, հիմնական կադրային ջարդն սպասվում է սեպտեմբերի 13-ից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Տիգրան Ավինյանի սեղանին բավականին լուրջ ցուցակ կա, որի առաջին «հորիզոնականում» վարչություններից մեկի պետի անունն է:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանում նոր նախաձեռնություն է ստեղծվելու: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է, իսկ նախաձեռնությունը կունենա «Հայաստանը ես եմ» անունը: Նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին, մեր տեղեկություններով, կհայտարարվի սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնության մասին իրազեկ մեր զրուցակիցը նշեց, որ այն իր առջև մի քանի էական խնդիր է դնելու՝ աշխատավորների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, աջակցություն բիզնեսին, երիտասարդության համար մասնագիտական կողմնորոշում, ներդրումների ներգրավման գործառույթներ և այլն: Նման նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, ի վերջո, վերածվում են քաղաքական միավորի՝ կա՛մ կուսակցության տեքսով, կա՛մ որևէ քաղաքական ուժի հետ դաշինքի: Թե ինչ զարգացում և հեռանկար կունենա «Աուդիտորների պալատի» նախագահի նախաձեռնությունը, պարզել չհաջողվեց: Մեր տեղեկություններով, նախաձեռնողները ևս այս առումով դեռևս վերջնական որոշում չունեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Մայր տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ՝ Մայր Աթոռում պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։ Ի թիվս շատ հյուրերի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայերի է հրավիրել արարողակարգին մասնակցելու համար։


Իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում երկմտում են՝ հրավիրե՞լ ՀՀ իշխանություններին Մայր տաճարի վերաօծմանը, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հրավերի դեպքում նրանք կգան։ «Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից դեռ պաշտոնական հրավեր չի ստացել վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեռ 2018 թվականից սկսած, մարտահրավեր է նետել Հայ առաքելական եկեղեցուն. թե՛ Փաշինյանը, թե՛ մյուս ՔՊ-ականները ամենաբարձր ամբիոններից թիրախավորում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մյուս եկեղեցականներին, իրենց կողմնակիցների ձեռամբ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։ ՔՊ-ականների «վրեժխնդրությունն» այն աստիճանի է հասել, որ որոշել են հիմա էլ եկեղեցու գույքը հարկելու նախագիծ մշակել եւ այդ ուղղությամբ են աշխատում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել: Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, եւ նոր պրոբլեմ է դարձել նրանց համար:   «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»: Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը՝ գործընթացները մեկը մյուսից զանազանելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. առաջիկայում ճառով հանդես է գալու մեղադրող դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ այլ անձանց, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն:


Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:


Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու եւ կաշառք տալու համար. գործով առկա է նաեւ ձայնագրություն: Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները սեփական նախաձեռնությամբ անցկացվող արարարողությունների համար չեն խնայում պետական բյուջեի ոչ մի լումա։ Նախ երկօրյա հեծանվավազքը պետբյուջեի հաշվին արժեցավ գրեթե 15 մլն դրամ, ապա «Մեր ժամանակների հերոսը» միջոցառում-մրցանակաբաշխությունը դեկտեմբերին անցկացնելու համար տրամադրվեց 150 մլն դրամ։ Եվ միլիոնների ցանկն այսքանով չի ավարտվում․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը»։ Պայմանագրով նախատեսվում է առնվազն 800 մասնակից աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։ Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ և առնվազն 25՝ տարբեր ձևաչափով քննարկումներ (աշխատաժողովների (Workshop) քննարկումներ, համաժամանակյա նիստեր, B2B սրահում հանդիպում-քննարկում), նախատեսվում են նաև 3 ցուցահանդեսներ (էքսպո), ինչպես նաև բացման և փակման արարողություններ: 


Այս միոցառումների համար նախատեսվում է 180 բանախոս շուրջ 20 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականությանը, ներդրումային քաղաքականությանը, հայրենադարձությանը, սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր: Գագաթնաժողովը առնվազն 1000 անձի համար է. այն նախատեսում են անցկացնել «Մերիդիան էքսպո կենտրոն»-ում՝ տարածքի վարձակալությամբ: Տարածքում պետք է գործեն և սպասարկվեն նաև սուրճի, ջրի և զովացուցիչ ըմպելիքների տրամադրման կետեր, որոնց տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ։ Ճաշի (լանչ) և ընթրիքի համար (ֆուրշետ) նախատեսված տարածքը պետք է ապահովված լինի, ինչպես նշված է պայմանագրում՝ «Առանձնացված և բրենդավորված տարածքներով՝ առանձին խմիչքների (կոկտեյլ, գինի), տաք ուտեստների, սուրճի և դեսերտի սեղանների ճիշտ դասավորությամբ եւ ազատ տեղաշարժի հնարավորությամբ (հերթերից և կուտակումներից խուսափելու համար), առնվազն՝ 150 անձի համար նախատեսված բազկաթոռներով, համապատասխան հատակի ծածկույթով (գույնը համաձայնեցնել Պատվիրատուի հետ), դեկորատիվ բույսերով կամ դեկորներով»:


Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մոտ 2,4 մլրդ դրամ, կամ մոտ 6,2 մլն դոլար, կհատկացնեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն այստեղ՝ ՀՀ-ՈՒՄ անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։ Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ, այնուհետև կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով։


Ստացվում է, որ իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, բայց, օրինակ, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար ընտանիքին հատկացված 16 մլն դրամանոց ծրագիրը կասեցնում են՝ ֆինանսների բացակայության հիմքով»: