31.08.2024
ԱՄՆ-ը Երևանին մահաբեր զենք չի մատակարարել. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դեսպաններին ընտրության առաջ է կանգնեցրել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Երկօրյա հավաքի մեկնարկին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:


Վարչապետի աշխատակազմը մանրամասներ չի հաղորդել տեղի ունեցած քննարկումից, Փաշինյանի ելույթն էլ չեն տարածել, նույնիսկ հատվածաբար չեն տեղադրել համացանցում: Մինչդեռ նախկինում միշտ հեռարձակվել է երկրի ղեկավարի ելույթը: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը եւ Հայաստանին սպասվող մարտահրավերները, ապա, մեղմ ասած, դեսպաններին կանգնեցրել ընտրության առաջ` ուղիղ տեքստով ասելով, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, ուստի երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու, նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները եւ չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել եւ հեռանալ։ Մեր աղբյուրը չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։


Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը ծավալուն հաղորդագրություն տարածեց նախագահի ելույթի մասին, որում ասվում է. «Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության եւ անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ մեր տարածաշրջանը եւ միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33 ամյակն է։ Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որեւէ միջոցառում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, փոխարենը, ընդդիմադիր շրջանակներն են այդ օրը մի շարք միջոցառումներ նախատեսել:


Սեպտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները այցելելու են Եռաբլուր, այնուհետեւ ՀՀ Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ արցախահայերի համար: Այդ օրը Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաեւ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները: Բագրատ սրբազանը եւս սեպտեմբերի 2-ին լինելու է Արցախի ներկայացուցչությունում: Ավելին՝ Արցախի անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ընդդիմադիր շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կիրականացնի՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: Եթե «խաղաղ» չստացվի, որոշները, Փաշինյանին բնորոշ ոճով, կարող են հայտնվել ճաղերի ետեւում։ Որքան էլ հանրային տարբեր շրջանակներ տպավորություն ունեն, որ Սյունիքի երբեմնի ըմբոստներն ընդունել են Փաշինյանի «կրոնը», սակայն իշխանության նկատմամբ նրանց լոյալությունը մեծապես պայմանավորված է մարզպետի` Ռոբերտ Ղուկասյանի գործոնով:


Կալավանցի Ռոբերտը մարդկային եւ գործնական ջերմ հարաբերություններ է հաստատել համայնքի ղեկավարների հետ եւ համոզել, որ իր «խաթրը չկոտրեն»` մասնակցեն պետական որոշ միջոցառումների, դիմավորեն վարչապետին ու նրա տիկնոջը՝ խոստանալով փոխադարձաբար կառուցողական վերաբերմունք քաղաքական վերնախավի կողմից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վեր է մարդկային բոլոր հարաբերություններից, ուստի որոշել է առաջիկայում սպասվող քաղաքական եւ ընտրական գործընթացներին ընդառաջ՝ վերացնել իր առջեւ ծագող բոլոր հնարավոր խոչընդոտները։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան շուրջ 3 շաբաթ տուգանային հրապարակում պահելուց հետո ՆԳՆ-ն դրա հետ կապված նյութեր է նախապատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե։ Բայց ո՛չ քննչականից, ո՛չ ՆԳՆ-ից չեն պարզաբանում, թե որն է պատճառը։ Մեզ հասած տեղեկություններով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնելու՝ պարզելու, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ի տնօրինությունն այդ մեքենան նվիրատվություն արել կամ օգտագործման տրամադրել Քաջարանի քաղաքապետարանին։ Թեեւ այդ դեպքում պետք է պարզեն նաեւ, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ն քաղաքին նվիրաբերել «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա։


Հիշեցնենք․ օրեր առաջ գրել էինք, որ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չէին տվել, նշել էին միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել են քաղաքապետի մեքենան, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Փարամազյանը հաստատել էր այս տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը Քաջարանի քաղաքապետի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված վարույթ էլ է սկսել: Նրանից պահանջում են պետությանը հանձնել 6 անշարժ եւ 2 շարժական գույք, ինչպես նաեւ՝ շուրջ 1 մլրդ դրամ գումար։ Հայցադիմումն արդեն Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանության ներկայացուցիչները ոչ միայն մարզեր են գնում, հանդիպում մարդկանց հետ, ֆեստիվառներ կազմակերպում, որ ռեյտինգ բարձրացնեն, այլեւ զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»: Օրեր առաջ դպրոցներից մեկի 4-րդ դասարանի աշակերտներն էին այցելել Նիկոլ Փաշինյանին, եւ նա երեխաներին ներքաշել էր քաղաքական խոսակցության մեջ, իր վայ-սահմանազատման սպիտակ սյունը ձեռքն առած` ճառ էր ասում: Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է այցելել ԱԺ Ամառային դպրոցի սաներին, երեկ էլ՝ ԿԸՀ նախագահ, «մեծ սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը: Սիմոնյանը ներկայացրել է «քաղաքական գործիչների կերպարի առանձնահատկությունները», իսկ Հովակիմյանը` ընտրությունների նրբությունները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրեւանոց են գնել բյուջեի հաշվին եւ 100 անձի կերակրել 2 օր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։ Տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմի եւ «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։


Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ 5 տարբեր կետերում, բիոզուգարանների վարձույթ՝ քանակով՝ 36, 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրեւապաշտպանի վարձույթ, թեպետ կադրերում վրաններն ակնհայտորեն ավելի շատ էին. ինչ միջոցներով՝ անհայտ է:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրով գումար է հատկացվել նաեւ ցուցանակների/կողմնորոշիչների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) եւ վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային եւ պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի եւ բանվորական ուժի համար:


Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը ուսումնասիրեց։ Տեսանյութում խոշոր պլանով երեւացող կադրերը իլյուզիա են՝ խաբկանք, քանի որ վերեւից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երեւում է ամբողջ խմբի տեղաշարժը եւ ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության եւ շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ։ Այս դեպքում հարցական է՝ ում համար է 110 անձրեւապաշտպան գնվել, 200 վերնաշապիկ եւ այլն:


Բայց շարունակենք փաստաթղթերի ուսումնասիրությունը. հաջորդ՝ 2-րդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար։ Պայմանագրով սահմանվում է նաեւ հատկացում՝ սպասարկող անձնակազմի եւ տրանսպորտային ծառայությունների համար։ Անհրաժեշտ է ապահովել 100 անձի համար նախաճաշ, ճաշ 2 օր եւ ընթրիք՝ 1 օր։:


Իսկ որքանո՞վ է արդարացված 100 անձի 2 օրվա սննդի (նախաճաշ, ճաշ եւ ընթրիք) համար ծախսել 5 մլն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր անձի սննդի համար 50 հազար դրամ է հատկացվել. դրսում, վրանի տակ 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այդքան գումարով Սեւանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր օգտվել: Երեւանի միջին գնային սանդղակ ունեցող յուրաքանչյուր ռեստորանում 100 հոգու համար 5 մլն դրամ կծախսվի 5, գուցե նաեւ՝ ավելի օրերում: Հեղափոխական իշխանությունը, ընտրվելուց հետո, խոստանում էր բաց եւ թափանցիկ աշխատել, սակայն, կարծես թե, չի ստացվում։ 100 անձի համար պետբյուջեից 15 մլն է դուրս գրվում, երբ 100 մարդ չկար անցկացվող հեծանվավազքին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի կողմից ներկայացված կենսագրությունից պարզ է դառնում, որ նրա առաջին աշխատանքը որպես պաշտոնյա եղել է հենց վարչապետի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրել է 2022 թվականի մարտի 21-ից: Մինչ այդ նա 2010 թվականից մինչեւ 2019 թվականները զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ ընթացքում՝ 2013-ից մինչեւ 2019 թվականները, եղել է «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» եւ մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մենեջեր:


2019-2020 թվականներին զբաղեցրել է «Եվրասիա» ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատուի պաշտոնը: Նույն՝ 2019 թվականից մինչեւ 2022 թվականը եղել է Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության անկախ փորձագետ, այնուհետեւ թիմի ղեկավար: Աբրահամյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 3-ին:


Նա անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ տրանսպորտային միջոցը եղել է 2015 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել գնման եղանակով 2020 թվականին. Արշակյանը, սակայն, հաշվետու տարվա ընթացքում շահագործել է իրեն սեփականության իրավունքով չպատկանող, 2011 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենան: HONDA մակնիշի տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա սկզբում առկա մեկ փոխառության գումարը կազմել է 1.860 եվրո, մյուս փոխառությանը՝ 4 մլն 970 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 4 մլն 143 հազար դրամ, իսկ նախորդը պահպանվել է առանց փոփոխության


Նրա բանկային ավանդներից երկուսը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում են եղել, որոնցից մեկը տարվա վերջում դարձել է 5 հազար դոլար, իսկ մյուսը՝ 2 մլն 540 հազար դրամ: Հաշվետու տարվա սկզբում նրա բանկային ավանդներից մեկը կազմել է 14.500 եվրո, որը տարվա վերջում զրոյացվել է, մյուսը կազմել է 2.000 եվրո եւ անփոփոխ պահպանվել է տարվա վերջում: 4 մլն 370 հազար դրամ կազմել է Աբրահամյանի մեկ այլ բանկային ավանդ, որը տարվա վերջում դարձել է 3 մլն 66 հազար դրամ, եւ վերջին ավանդը 3 հազար դոլարից դարձել է 5 հազար դոլար:


Վարչապետի օգնականի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 428 դոլար եւ 1 մլն 281 հազար դրամ: Հաշվետու տարվա վերջում Աբրահամյանի բանկային մնացորդը նվազել է՝ դառնալով 287 դոլար եւ 1 մլն 101 հազար դրամ. նրա տարեկան եկամուտը կազմում է 9 մլն 7 հազար դրամ, որից 8 մլն 565 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 400 հազար դրամ 107 դոլարը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխառությունների դիմաց ստացած գումարը: Հարկ է նշել, որ Հակոբ Աբրահամյանը իր աշխատանքային առաջին օրվանից մինչեւ այսօր աչքի չի ընկել հանրային որեւէ քայլով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության եւ բնակարանաշինության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այս պահին իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։


Բացի սրանից՝ արտոնյալ հարկատու հանդիսացող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ՝ մասնավորապես արտադրելով բետոն, բազալտի խճաքար, գետի խճաքար, գետի ավազ, գետի ավազ՝ լվացված, պերլիտային ավազ, լիթոիդային պեմզա, հրաբխային խարամ, կրաքար։ Այսինքն՝ ինքնաբավ շինարարության համար գրեթե ամեն ինչ. սպառողին է մատուցում 9 տեսակի արտադրանք։ Թվում է, թե կատարյալ աշխատող ընկերություն է, սակայն ՍՊԸ-ն մի քանի անգամ ազատվել է մաքսատուրքից: 2018 թվականի հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն։ Ոլորտը մենաշնորհ դարձրած ՍՊԸ-ն այնպես է ֆինանսները շրջանառում, որ, ըստ որոշ տեղեկությունների, բնակելի համալիրների կառուցման համար բացառապես իր կողմից արտադրած հանքանյութն ու քարերն է օգտագործում։


Նախկին պաշտոնյան շարունակում է մնալ իշխանության սերտ օղակը՝ վերջինիս կողմից պարբերաբար արժանանալով հաճոյանքի եւ գովեստի, սակայն Երեւանում օդի աղտոտվածության, փոշու, կեղտի պատճառը հաճախ հենց շինհրապարակներում նորմերին անամապատասխան պայմաններով իրականացվող շինաշխատանքներն են, երբ մի ընկերության կողմից 14 բնակելի համալիր է կառուցվում, իսկ փոշին եւ կեղտը շնչում են հասարակ քաղաքացին, երեխան։


Հավելենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թիվս այլ կազմակերպությունների, նաեւ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)»:


 


 


 

Փաշինյանի օրակարգը տապալված է
Հաջորդ նորություն next