22.12.2024
Մյուս՝ 2024-ը լինելու է վճռական ՀՀ և տարածաշրջանի համար, Ալիևը դա հասկանում է. իսկ մե՞նք
08.12.2023
Մյուս՝ 2024-ը լինելու է վճռական ՀՀ և տարածաշրջանի համար, Ալիևը դա հասկանում է. իսկ մե՞նք

Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:"Նախ բուն լուրը. Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են. ◾Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։ ◾Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։ ◾Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։ ◾Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։ ◾2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։Իսկ մենք...":