22.12.2024
ՀՀ-ն կարող է ավելի մեծացնել եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը
26.12.2023
ՀՀ-ն կարող է ավելի մեծացնել եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը

Դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում անցած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կարևոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների համար: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյոնքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, այս գագաթաժողովի կարևորությունն ընդգծվում է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը գնալով ավելի ու ավելի կարևոր հանգամանք է դառնում մեր տնտեսական զարգացման համար: «Եվրասիական փորձագիտական ակումբը եկող՝ 2024թ. մայիսին կնշի իր ստեղծման 10-ամյակը: Անցած տարիների ընթացքում մեր ակումբի առաջատար փորձագետները կարևոր և գնահատված հետազոտություններ են կատարել, ուսումնասիրելով եվրասիական ինտեգրման ոլորտում Հայաստանի ներուժն ու հնարավորությունները: Այդ տարիներին մենք արել ենք փորձագիտական երաշխավորություններ, որոնք պահանջված են եղել հայկական մեդիա դաշտի կողմից: Վերջին տարիների մեր մասնագետների կանխատեսումները Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացել են, ինչը նպաստել է Եվրասիական փորձագիտական ակումբի վարկանիշի բարձրացմանը մեր հասարակության մեջ»,- ասաց նա: Սաֆարյանը նշեց, որ 2024թ. մայիսին լրանում է Եվրասիական տնտեսական միության տասնամյակը: Այս հիշարժան տարեթվի շրջանակներում սպասվում է, որ կընդունվեն ԵԱՏՄ հռչակագրեր ԵԱՏՄ հետագա զարգացման ուղենիշների մասին մինչև 2030 և մինչև 2045թթ.: «Եվրասիական հնգյակի կառավարչական և փորձագիտական շրջանակներում այժմ ինտենսիվ գիտական փնտրտուք կա այդ հռչակագրերին հնչեղ բովանդակություն հաղորդելու նպատակով: Մենք՝ Հայաստանի եվրասիական ինտեգրման թեմաներով զբաղվող հետազոտողներն ու փորձագետներս, հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր նկատելի մասնակցությունը բերելու այդ կարևոր փաստաթղթերի քննարկման, մշակման և ձևակերպման գործընթացում»,- նշեց նա: Բանախոսը հիշեցրեց, որ 2024թ. Հայաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը: Ըստ այդմ, կարևոր համարեց ընդգծել, որ 2023թ. ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը շատ նկատելի միջոցառումներ իրականացրեց, խթանելու համար շահագրգռված հետաքրքրությունը ինտեգրացիոն թեմատիկայի վերաբերյալ: «Այս տարվա ընթացքում մեր փորձագետները ևս հնարավորություն ունեցան արժեքավոր հետազոտություններ կատարել և ելույթներ ունենալ եվրասիական հարթակներում, նպաստելով մեր երկրի նկատմամբ հարգանքի և ուշադրության մեծացմանը, ինչպես նաև նպաստելով եվրասիական տարածքի գիտափորձագիտական հանրության հետ մեր կապերի ամրապնդման գործին: 2024թ. Հայաստանը կարող է նկատելի մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ միջազգային հետաքրքրության էլ ավելի մեծացման գործում, իր նախագահության ընթացքում նախաձեռնելով մի քանի խոշոր միջոցառումներ տարբեր երկրների բարձրակարգ և հարգված մասնագետների մասնակցությամբ: Կարևոր է ընդունել և բարձրաձայնել այն անառարկելի ճշմարտությունը, որ մենք էական շահ և օգուտներ ունենք այս գործընթացին մասնակցելուց»,- շեշտեց Սաֆարյանը: