Զախարովա. Որոշ լրագրողներ սենսացիա են մոդելավորում, թե Մոսկվան ցանկանում է Թուրքիան ներառել կարգավորման գործընթաց
Գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, որոնք միտված են զբաղվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բայց միևնույն ժամանակ ոչ ոք չի բացառում երկկողմ շփումները, որոնց շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել իր ներքին և արտաքին քաղաքական ասպեկտները: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով իր երեկվա հայտարարությանը հետևած քննադատությանը:
Հիշեցնենք, երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան, պատասխանելով հարցին, թե որքան հավանական է, որ Թուրքիան ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում նշել էր, որ ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել որպես կառուցողական փոխօգնություն: Նրա խոսքով, եթե որևէ պետության կամ դրա պաշտոնական ներկայացուցիչներին պոզիտիվ իմաստով բան կա ավելացնելու, ապա որևէ խնդիր չի կարող լինել: «Բայց կրկնում եմ՝ եթե խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- շեշտել էր նա:
Արդեն ճեպազրույցից հետո Մարիա Զախարովան սոցիալական իր էջում պարզաբանեց, որ խնդիրը միայն նրանում է, թե ինչպիսի կառուցողական դեր կարող է խաղալ երկիրը, որը չի հանդիսանում կարգավորման գործընթացի մաս, փորձելով իր աջակցությունը բերել այդ գործընթացին:
Նա նաև իր զարմանքն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի որոշ լրագրողների դիրքորոշման կապակցությամբ, որոնք սկսեցին իր հայտարարությունից սենսացիա մոդելավորել, թե Մոսկվան ցանկանում է Թուրքիան ներառել ղարաբաղյան կարգավորման գործընթաց, ինչն անընդունելի է: «Այն էլ այս պահին, երբ ռեալ շանս կա առաջընթաց արձանագրելու: Ինչո՞ւ եք դա անում, միթե՞ այսքան տարի ու այդքան զոհերը բավարար փաստարկ չեն պատասխանատու մոտեցման համար: Որքա՞ն է դեռ շարունակվելու տեղեկատվական այս խրախճանքը՝ սեփական օգտին»,- գրառել է նա ու հավելել.
«Մեծ խնդրանք՝ մի տրվեք սադրանքների, այդ թվում և տեղեկատվական»: