ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ ինչպես նախապես ասել էր՝ հեռանում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: «Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի պաշտոնից: Առաջիկա խորհրդի նիստում կառաջարկեմ Կրթության և գիտության նախարարության հետ միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»,- ասաց նա: Բացի այս, գործադիրը նաև հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները: