11.07.2025
ԱԱԾ. Երևանում ապօրինի գործող խաղասրահներ են հայտնաբերվել (տեսանյութ)
25.10.2016
ԱԱԾ. Երևանում ապօրինի գործող խաղասրահներ են հայտնաբերվել (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից, հանցագործությունների դեմ պայքարի գործառույթի իրականացման շրջանակներում, Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո, առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր: Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում՝ թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շահումով խաղերի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մաս): Ընթանում է նախաքննություն: