Ամերիկյան օդուժին պատկանող երկու F-15 ինքնաթիռից սեպտեմբերի 8-ին արգելված ֆոսֆորային զինամթերքով ավիահարված է հասցվել Դեր Զոր նահանգի ուղղությամբ, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ավիահարվածներն իրականացվել են Հաջին քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով ուժեղ հրդեհներ են բռնկվել: «Տուժածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են», - հայտնել է Սավչենկոն: Սպիտակ ֆոսֆորով սպառազինության կիրառումն արգելվում է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի հավելյալ արձանագրությամբ, հիշեցրել է նա: Ֆոսֆորային ռումբերը համարվում են զանգվածային ոչնչացման զենք: