Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հասույթը 2018 թվականի հունիսին կազմել է 27.1 մլրդ դրամ։ 2017 թվականի հունիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 59.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։ Բուքմեքերների շրջանառության կտրուկ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է հունիսի կեսին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ընթացքում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել, գրում է b4b-ն։ Կիսամյակի կտրվածքով՝ բուքմեքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։ Բացի բուքմեքերներից, հունվար-հունիսին 34 մլրդ դրամի շրջանառություն են ունեցել նաև խաղատները (աճը՝ 6.3%)։ Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 158.9 մլրդ դրամ, ինչը 33.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։