Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 23-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության տիրույթ: Ակնկալվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը: Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: ԱԺ որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի քսանչորս ժամվա ընթացքում: