ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պայթյունի զոհերի ընտանիքներին ու հարազատներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ցավակցել Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մնում է ծանր։ Առաջին հերթին ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ռուս խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են հրդեհի մարմանը և տուժածներին տեղում բուժօգնություն են ցուցաբերում, ուղղաթիռներով տարհանում Հայաստանում բուժման նպատակով։
Մենք շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող մեխանիզմը մնում են խաղաղապահները, որոնք անձնուրաց կերպով կատարում են իրենց պարտքը»,- ասել է Զախարովան։