Արցախցի օգտատեր Սամվել Գրիգորյանը գրում է. "Բլոկադա․ օր 10-րդ։Ստեփանակերտում՝բենզին չկա,կարտոֆիլ չկա,բանջարեղենն ու միրգը գրեթե սպառվել ա,շաքարավազ շատ դժվար ա գտնել,դեղորայքն արագորեն սպառվում ա (հատկապես՝ սրտանոթային),մանկական կերն արագորեն սպառվում ա։Թերևս այսքանը։ Զուտ, որ իմանաք",- գրել է քաղաքացին։ VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: