Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում, և վիճակը կայունանում է: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկները կատարում են հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար: Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։