Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ, ապակայունացման ռիսկեր է ստեղծում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում»,- ասել է Թասմագամբետովը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։