Մոսկվան և Երևանը քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում նոր համաձայնագրերի կնքումը. դեսպան
Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և բարձր որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկարամյա ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա, և գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կատարված են ժամանակին և բարձր որակով, կամ գտնվում են դրանց իրականացման վերջնական փուլում»,- նշեց նա։
Դեսպանն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը քննարկում են նոր համաձայնագրերի կնքումը։ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրերը: Առանձին որոշ պայմանագրերում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ընթացքում»։
Ավելի վաղ Երևանը հայտնել էր, որ չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից զենք, որի դիմաց վճարել է: Երևանը նաեւ հայտարարել էր, որ մտադիր է դիվերսիֆիկացնել զենքի գնումները։