22.11.2024
Այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության ունի գաղափարական գործընկեր. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Շահրամանյանը չի հայտարարում, որ չեղարկում է Արցախի լուծարման հրամանագիրը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Նախ՝ արձանագրենք, որ որեւէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով: Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաեւ ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի: Այս դեպքում, թերեւս, տարօրինակ է՝ ինչու Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, արդեն իսկ կա այդ՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր, բայց, չգիտես՝ ինչու, Արցախի կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Կարեւոր է նաեւ, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչեւ տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա»:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․ «Գիտությամբ պետք է զբաղվեմ»: Իսկ այս պահի՞ն։ «Այո, այդ աշխատանքներով եմ»,- ասել է Թովմասյանը` ավելին չմանրամասնելով։ Նա ցանկություն է հայտնել` օգտվելով հարմար առիթից, շնորհակալություն հայտնել արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցության համար․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ: Բացի սա, կարեւոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, որպեսզի արտահոսք չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թիմակիցներին չի վստահում, նրանցից մի քանիսի հետ է միայն շփվում: ՔՊ գաղտնի ռեժիմով այս նիստերն էլ հենց փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի եւ կհեռացնի նախարարին: Նախօրեին Փաշինյանն այցելել էր նախարարություն` 2023թ. գործունեության հաշվետվությունը լսելու: Այցին ընդառաջ ավելի քան մեկ ամիս նախարարությունում վերանորոգման բուռն աշխատանքներ են ընթացել, բոլորն աշխատել են գերլարված մթնոլորտում, հաշվետվություններ կազմել եւ այլն: Աշխատակազմում կարծում են, որ անգամ Փաշինյանի նման ոչ կոմպետենտ ղեկավարն այդ այցից պետք է հասկանար, որ Ավանեսյանը խեղաթյուրում է իրականությունը: Եվ դա հարցուպատասխանի ընթացքում էլ է երեւացել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ կան: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում, եւ բուժառուի հետեւի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել եւ հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետեւից: Մինչդեռ շարքային քաղաքացիներիս անգամ հայտնի է, որ պետպատվերի ոլորտում օֆերտա չի գործում, ու կա իքս չափի լիմիտ, եւ անգամ օնկոհիվանդները հաճախ չեն կարողանում օգվել պետպատվերից, քանի որ հիվանդանոցներում տեղեկացնում են, որ պետպատվերի լիմիտը սպառված է»:


«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին. «Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով...Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետեւ ինֆլյացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է»: Իսկ որ կենսաթոշակների եւ նպաստների «էական փոփոխություններ» չեն իրականացվում, մյուս կողմից` շարունակաբար ավելացնում են ՀՀ քաղաքացու սոցիալական բեռը` գույքահարկի, տարբեր տուրքերի բարձրացման եղանակով, դա ոչինչ: Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան: Չէ՞ որ նրանց ուսերին է հենվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» եւ «Շիրակ»): Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF) երեկ, ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան: «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբները միասին պահում են ամենամեծ երկու ակադեմիաները եւ ֆուտբոլի հիմնական դարբնոցն են. այս ակումբների սեփականատերերն ամեն ամիս իրենց գրպաններից ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, ու եթե հեռանան, ապա շուրջ 3000 երեխա կզրկվի մարզվելու հնարավորությունից, այդ թվում՝ մարզադաշտերից: ՀՖՖ ներկա ղեկավարին չի սատարում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողների մեծագույն մասը, իսկ ով էլ չեզոք է, ըստ հիմնավոր տեղեկությունների, որոշակի հետաքրքրություն ունի այս ֆեդերացիայից: Արմեն Մելիքբեկյանին շաբաթ օրը կընտրեն ՀՖՖ անդամ այն ՀԿ-ները, որոնց ֆեդերացիա են բերել հենց իրենք, ու որոնք ֆինանսապես կախված են իրենցից: Նման ՀԿ-ներն ունեն հավասար մեկ ձայն, ինչպես ոլորտում իրոք եղանակ ստեղծող խոշոր ակումբները, ինչն անտրամաբանական է:


Ավելին՝ Մելիքբեկյանին սատարում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, որոնք կա՛մ ակտիվ գործունեություն չեն ծավալում, կա՛մ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանի ընտրվելու դեպքում Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պատրաստվում են դուրս գալ առաջնությունից, իսկ ֆանատական շարժումներն ու ակադեմիաներում մարզվող ծնողներն արդեն խմբեր են ձեւավորել ու պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության դիմաց, քանզի վստահ են, որ Արմեն Մելիքբեկյանի ամենաթողությունը գալիս է հենց վարչապետից: Ոլորտի մասնագետները պնդում են, որ նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանին լեգիտիմ նախագահ անվանել չի կարելի, ու որ այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ է: Հ.Գ. Երեկ Ստեփանակերտի մարզադաշտում Իլհամ Ալիեւն առաջին հարվածը կատարեց գնդակին, ու բռնազավթված Արցախում կայացավ այդ երկրի ֆուտբոլային հանդիպումը: Նման իրավիճակում Հայաստանում գոնե պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։ Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Անշարժ գույքի մի մասը հենց Ջավադյանն է գնել, իսկ մյուս մասը կա՛մ նվիրատվություն է, կա՛մ ժառանգություն, որ ստացել է հենց 2022 թվականին։ Ջավադյանը ոչ միայն անշարժ գույքի քանակով է փայլում, այլ նաեւ վարած մեքենայով։ Նա 2020 թվականին գնել է 2019 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ Հավելենք, որ ոչ բոլոր պաշտոնյաները կարող են իրենց թույլ տալ նման հաճույք՝ վարել նոր մեքենա։


Ջավադյանը ժառանգություն է ստացել նաեւ գումարի տեսքով՝ 63 մլն 900 հազար դրամ, որը ստացել է Յուրի Լեւոնի Ջավադյանից։ Նա ստացել է եւս 2 մլն 162 հազար դրամ, սակայն ինչ աղբյուրից՝ հայտնի չէ։ Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 45 մլն դրամ։ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպանի բանկային ավանդները կազմել են 112 հազար եվրո եւ 698 հազար ԱՄՆ դոլար։ Տվյալ տարվա սկզբում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 1 գույք է հայտարարագրել Ջավադյանը. հուշադրամը հանձնվել է դեսպանին, արժեքը 24 մլն դրամ է եղել։ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Ջավադյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 657 հազար դրամ, 11 հազար եվրո։


Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար ԱՄՆ դոլար, 6 մլն 500 հազար դրամ, 19 հազար եվրո։
Ջավադյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 295 մլն 248 հազար դրամ։ Ջավադյանը, ըստ հայտարարատու տարվա եկամուտների աղբյուրների, աշխատանքի վարձատրություն ստացել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» կազմակերպությունից, ՀՀ ԱԳՆ-ից, «Այդի բանկ» եւ «ՎՏԲ- Հայաստան» բանկերից՝ համապատասխանաբար ստանալով 24 մլն դրամ, 5 մլն 894 հազար դրամ, 28 մլն 897 հազար դրամ եւ 9 մլն 712 հազար դրամ։ Ծախսերի բաժնում Ջավադյանը նշել է, որ հագուստի եւ ճանապարհածախսի համար ծախսել է 42 հազար եվրո, 2 մլն 554 հազար դրամ, 5 700 դոլար։ Վարկերի մարմանն ուղղել է 47 մլն 372 հազար դրամ։ Անշարժ գույքի վերանորոգման համար ծախսվել է 21 մլն 688 հազար դրամ։ Ջավադյանի՝ արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 133 մլն 247 հազար ՀՀ դրամ։ Հավելենք նաեւ, որ Ջավադյանը միջազգային եւ արտաքին հարաբերությունների վերաբերյալ ոչ մի կրթություն չունի, սակայն այս պաշտոնում է եւ իշխանության սիրելին»։


«Հրապարակ» թերթը գրում է. Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները: Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, եւ մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետեւ իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում: