Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը ֆրանսիական Ouest-France օրաթերթին: - 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։ - Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար։- Ինչպիսի՞ հետևանքներ է ունեցել շրջափակումը։ - Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու։ - Ըստ Ձեզ՝ սովը կանխամտածված կերպո՞վ է կազմակերպված։ - Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք։ - Ինչպե՞ս կարելի է կանխել այս ցեղասպանությունը։ - Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի, ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է։