30.04.2026
Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական e-work.am հարթակը
03.05.2024
Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական e-work.am հարթակը

Մայիսի 3-ին կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ https://e-work.am/-ի պաշտոնական շնորհանդեսը։ Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը կարևորել է նմանօրինակ հարթակների դերը, որոնք աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան կայուն զբաղվածություն։ «Ըստ էության, սա առաջին մասշտաբային պետական հարթակն է, որը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին։ Լիահույս եմ, որ այս գործում ևս կհաջողենք և արված աշխատանքն արդյունավետ կլինի և՛ աշխատանք փնտրողների, և՛ գործատուների համար։ Կցանկանամ նաև, որ e-work.am-ը դառնա այն իրական գործող հարթակը, որը քաղաքացիներին աշխատանք գտնելու հնարավորություն կտա, ինչին էլ ուղղված են մեր շարունակական ջանքերը»,- նշել է նախարարը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը: «Շարունակելով Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպումը՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը մշակել է զբաղվածության ոլորտի առաջին մասշտաբային պետական թվային հարթակը, որի հնարավորությունները ներկայացնում ենք այսօր։ Զբաղված լինելն ինքնանպատակ չէ. աշխատանքը պետք է լինի հաճելի, իսկ նպատակը՝ ստեղծած արժեքը՝ անհատի, պետության, աշխարհի համար։ Հենց այս գաղափարով ենք ստեղծել հարթակը և հուսով ենք՝ այն հնարավորություն կտա, որ այս գաղափարները լիարժեք իրականանան։ Նշեմ նաև, որ սա դեռևս մեկնարկն է, և այս պահից սկսած շարունակելու ենք աշխատել հարթակը էլ ավելի ֆունկցիոնալ և կիրառական դարձնելու ուղղությամբ»,- նշել է կենտրոնի տնօրենն ու հյուրերին ներկայացրել նոր հարթակի հնարավորություններն ու գործիքները։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով, որին բանախոսել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Քննարկումն անցկացրել է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ Շնորհանդեսից հետո կայացել է նաև «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը, որին մասնակցել են մի շարք ոլորտների առաջատար գործատուներ։ «e-work.am» հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին և գործատուներին հաղորդակցվել միմյանց և պետության հետ թվային միջավայրում, ստանալ և առաջարկել թվային ծառայություններ։ Անհատներին այս հարթակը կտա հնարավորություն բարելավել աշխատանքային պայմանները և կարիերայում գրանցել աճ։ Գրանցվելով հարթակում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կտեղադրեն իրենց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն, կկարողանան ստանալ աշխատանքի առաջարկներ և կունենան հնարավորություն ներգրավվելու զբաղվածության ծրագրերում։ Իսկ կազմակերպության ղեկավարները կկարողանան պետական միասնական հարթակում ստեղծել իրենց կազմակերպության պրոֆիլը և անվճար տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների հայտարարությունները և գտնել համապատասխանող աշխատողներին, ինչպես նաև ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին։