Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։ Մեր պետությունների շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները խարսխված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հիմնասյուների վրա։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի առկա քաղաքական օրակարգի առավել ընդլայնմամբ և համագործակցության ուղղությունների զարգացմամբ։ Վերստին շնորհավորելով Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։