Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի առավել զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի, այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ: