14.12.2024
Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 300 միլիոն դրամ կհատկացնի ջրհեղեղից տուժածներին փոխհատուցելու համար

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 300 միլիոն դրամ հատկացնել մայիս ամսին Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած ձեռնարկատերերին փոխհատուցելու համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է հոկտեմբերի 3-ին կայացած կառավարության նիստում:


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 150 շահառուների: Այս պահին արդեն ստացվել է 74 դիմում, մնացածի հետ աշխատանքները շարունակվում են: Փոխհատուցումն իրականացվելու է երկու ուղղությամբ՝ գույքային վնասի և չստացված եկամուտների փոխհատուցում, որոնք կապված կլինեն նախկինում վճարված հարկերի հետ:


Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում տեղի էին ունեցել ջրհեղեղներ՝ առաջացնելով հսկայական նյութական վնաս, ճանապարհների և կամուրջների փլուզումներ: Աղետի հետևանքով զոհվել էր 4 մարդ:


Ծրագրի շահառուներն են աղետի գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ջրհեղեղից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը: Տնտեսվարողների կրած վնասը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին և բարձր:


Ցածր աստիճանի վնասի դեպքում 1 քմ-ի համար տրամադրվում է 6.600 դրամ, միջինի դեպքում՝ 14.900 դրամ, բարձրի դեպքում՝ 24.800 դրամ: Աջակցության չափը չի կարող գերազանցել յուրաքանչյուր շահառուի համար 1,2 մլն դրամը:


Լրացուցիչ աջակցություն կտրամադրվի ծրագրի երկրորդ բաղադրիչով, որը հաշվի է առնում տնտեսվարողի կողմից 2023 թվականին վճարված հարկերը: Ցածր աստիճանի վնասի դեպքում կվերադարձվի 2023 թվականի հարկերի 50%-ը, սակայն ոչ ավելի, քան 5 մլն դրամ, միջինի դեպքում՝ 70%-ը, սակայն ոչ ավելի, քան 10 մլն դրամ, բարձրի դեպքում՝ 100%-ը, սակայն ոչ ավելի, քան 15 մլն դրամ: