4.12.2025
Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր
05.02.2024
Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Գնել Սանոսյանը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է, և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։ Խորհրդակցության ժամանակ նախարարը մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։ Նախարարը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզպետներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով հետևել դպրոցներում և մանկապարտեզներում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։ Նախարարը հանձնարարել է շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՄԺԾԾ-ները հաստատելու բյուջետային պարտադիր առաջադրանքը կատարելու նպատակով։ Քննարկվել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին նախատեսված էր հավաքագրել 40, 124․5 մլն դրամ, հավաքագրվել է 41, 612․5 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 103,7 %։ 2022 թվականի համեմատ 34,9 % կամ 10, 767․2 մլն դրամով ավել հավաքագրում է իրականացվել։