1.12.2025
Վարչապետը հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները
15.09.2016
Վարչապետը հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվելու են համապատասխան նոր հանձնաժողովներ, որոնք կկոորդինացնեն այդ աշխատանքները: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հնչեցրեց նաև առաջին հանձնարարականները: «ՊԵԿ հանձնարարականը այս պահին կձեւակերպեմ հետեւյալ կերպ. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները, ելնելով դրանից՝ ապահովեն ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում»,- նշեց նա: Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր հարկային ստուգումներին: Կարեն Կարապետյանի խոսքով` հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր և միջին ձեռնարկատերերին հարկ է անդրադառնալ խիստ ծայրահեղ դեպքերում: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ: Դիմելով ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին նա առանձնահատուկ ընդգծեց. «Այս գործողությունները պետք է կատարեք առանց բիզնեսի համար խորչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի նրանց գործունեությանը»: Սակայն ամենակարևոր հանձնարարականը, որ հնչեցրեց վարչապետ Կարապետյանը, սոցիալական ուղղվածություն ուներ` համապատասխան կառույցները պետք է աշխատանքներ տանեն գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ: «Անհրաժեշտ է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, և ապահովել սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես՝ գյուղատնտեսության եւ վերամշակվող ճյուղերի համար: Եվ այս ամենը պետք է արվի ոչ թե ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ այն տնտեսավարողների, ովքեր այլ ծառայություններ են մատուցում»,- հավելեց Կարեն Կարապետյանը: