23.04.2025
Ուորլիքն առաջարկել է վերադարձնել տարածքներ, սակայն Երևանում ու Ստեփանակերտում չեն շտապում քննադատել
25.10.2016
Ուորլիքն առաջարկել է վերադարձնել տարածքներ, սակայն Երևանում ու Ստեփանակերտում չեն շտապում քննադատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հայտարարել է, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»: Ադրբեջանական ԶԼՄ-ները այդպիսի հայտարարություն են վերագրում Ուորլիքին, ինչին այդքան էլ չեն վստահում Երևանում ու Ստեփանակերտում ու նշում, որ առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական լրագրողները ցանկալին իրականության տեղ են ներկայացնում: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ պետք չէ այդ տեղեկատվությունն ընկալել բանակցային գործընթացում սպասվող փոփոխությունների կոնտեքստում և վստահություն հայտնե, որ հարևան երկրի ԶԼՄ-ները հավատարիմ եմ մնացել իրենց՝ իրականությունը խեղաթյուրելի հայտնի գործելաոճին: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն վաղուց սովորել է, որ այդպիսի խեղաթյուրման նպատակը սեփական հասարակությանը ականջահաճո հայտարարություններ հնչեցնել է: «Բանակցային գործընթացն ունի իր տրամաբանությունը, որը հայտնի է նաև Բաքվին, որն էլ պետք է վերականգնի վստահության այն մթնոլորտը, որտեղ կարելի կլինի կառուցողական բանակցություններ վարել և պետք է վերադառնա կառուցողական դաշտ»,- նշեց Զաքարյանը: Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը երկար տարիներ պնդում էր Ղարաբաղը ոչնչացնելու մասին, իսկ վերջերս խոսում է Ղարաբաղին ինքնավարության շնորհման մասին, Արտակ Զաքարյանը նշեց, որ ուշ թե շուտ Բաքուն միևնույն է ընդունելու է ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի լեգիտիմությունը՝ ճանաչելով Ստեփանակերտը որպես հավասար գործընկեր և հարևան հանրապետություն: Նա հավելեց, որ մոտակա ժամանակներս պետք չէ սպասել լուրջ փոփոխությունների բանակցային գործընթացում, բայց պետք է Ադրբեջանին ստիպել պահպանել հրադադարի ռեժիմն ու շարունակել խաղաղ գործընթացը: Իր հերթին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես կարծիք հայտնեց, որ ամերիկացի համանախագահի խոսքերը խեղաթյուրվել են: Նրա խոսքով, Ուորլիքը խոսել է հավանաբար այն մասին, որ տարածքային հարցերը քննարկվում են, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները նրա հայտարարությունը ներկացրել են, որպես «օկուպացված տարածքների» վերադարձի պահանջ: Բաբայանի խոսքով, դրանք այն հարցերն են, որոնք գտնվում են բանակցությունների օրակարգում ու Ադրբեջանը, որպես բանակցային կողմ, խոսում է դրանց մասին: Մինսկի խումբն էլ միջնորդներն են, որոնք ելնելով բանակցային գործընթացի տրամաբանությունից պետք է ներառեն հարցերը օրակարգ. «Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանի հայտարարություններն ընդունելի են կամ ողջամիտ»,- ասաց Բաբայանը՝ կրկնելով, որ համոզված է՝ Ուորլիքի խոսքերը խեղաթյուրվել են: