ՀՀ զինված ուժերի հաշվեկշռում առկա «Իսկանդեր» զենքի կիրառման մասով որոշում կայացնողը բացառապես Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը: «Ցանկացած պահի, երբ ՀՀ ղեկավարությունը «Իսկանդեր Մ»-ի կիրառման որոշում կայացնի, հակառակորդին հարված կհասցվի: ԶՈՒ անձնակազմը խնդիրներ չունի «Իսկանդեր Մ» համալիրների օգտագործման համար, ունի համապատասխան մասնագետներ, ովքեր, մինչև համալիրի ձեռք բերումը, անցել էին ուսուցումներ: Կիրառման համար ոչ մի բարդություններ չունենք»,- նշեց նա: ՀՀ ԶՈւ սպառազինությունների շահագործման և զրահատանկային ծառայության բաժնի պետ գնդապետ Զորայր Գաբրիելյանն էլ նշեց, որ Ռուսաստանը տեխնիկական միջոց չունի, որպեսզի արգելափակի զենքի կիրառումը և պայմանավորվածության համաձայն` Հայաստանը չունի այդպիսի արգելափակումներ կամ սահմանափակումներ զենքի կիրառման համար: VERELQ-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ «Իսկանդերների» թեման դարձավ Հայաստանում «Ռուսաստան-Արևմուտք» հերթական հակադրման առարկա: Թերևս հենց այս նպատակով, ըստ քաղաքագետի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ասուլիսում հայտարարեց, որ ՌԴ-ն չունի «Իսկանդեր» համալիրի կիրառման արգելափակման միջոց: Նա նաև նշեց, որ «Իսկանդեր» համալիրը չի կարող խոցել նաև С-300 համակարգը: