26.11.2024
Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կլինի Երևանում
29.01.2015
Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կլինի Երևանում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին նախագահ Օլանդը հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, հաղորդում է Nouvelle d'Armenie-ն: Ինչպես հայտնում է France 24-ը, Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ «ժամանակն է կոտրել տաբուները»: «Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում կտեսնենք ճանաչման ուղղությամբ նոր քայլեր»,- ասել է Օլանդը: Հիշենցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը նախորդ տարի դեկտեմբերի 22-ին ընդունել էր մի օրինագիծ, որը ենթադրում էր մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք ցեղասպանության ժխտման համար: Սակայն մեկ ամիս անց Ֆրանսիայի բարձրագույն վերահսկիչ ատյանը՝ Սահմանադրական խորհուրդը, օրենքը հակասահմանադրական ճանաչեց. խորհրդի անդամների կարծիքով, օրենսդիրը «ոտնձգություն է կատարում խոսքի և հաղորդակցության ազատության նկատմամբ»: Ֆրանսիական խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայում: Թուրքական իշխանությունները սպառնացին Ֆրանսիային, իսկ կառավարության ղեկավար Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի ճանաչի այդ օրենքը, իսկ ինքն անձամբ այլևս չի մեկնի Ֆրանսիա, եթե օրենքն ընդունվի: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին հանձնարարեց կառավարությանը պատրաստել ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի նոր տեքստ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի կարծիքը: Նախընտրական ժամանակահատվածում Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ չի ձգձգի օրինագիծը վերադարձնելու հարցը, սակայն դեռ հարցը քննարկման փոըլում է գտնվում: Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։