26.11.2024
Զինված ուժերի ժամանակակից զինտեխնիկայով համալրումը առաջնահերթություն է. Բակո Սահակյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի կոնսենսուսը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները հանգել են կոնսենսուսի ԱՀ իշխանության ձևավորման հարցում: Ըստ կայացած համաձայնության՝ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև իր լիազորությունների ավարտը, և նոր խորհրդարանն ու նախագահը կընտրվեն 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք եւ վերջ»։ Իսկ ինչո՞ւ, որովհետեւ ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։ «Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել նաեւ խորհրդարանից դուրս՝ որպես արտախորհրդարանական ուժ»։ Եթե գերխնդիր չէր, ինչո՞ւ էիք մասնակցում ընտրությանը, միգուցե վախեցա՞ք, կամ Սերժ Սարգսյա՞նը թույլ չտվեց։ «Քաղաքական ուժ որպես՝ մենք պետք է մասնակցեինք եւ ցանկացած ընտրության էլ մասնակցելու ենք, մնացածը կդատի ժողովուրդը, նրանք տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում արդեն, եւ ինչ զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ՝ մեզ մոտ տարաձայնություն չի եղել բողոքարկելու հարցում»։ Այդուհանդերձ, ամիսներ առաջ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը ստացավ ընդամենը մոտ 60 հազար քվե, ինչո՞ւ։ «Քվեարկությունը եղել է փակ, եւ չենք կարող ասել՝ ով ում է քվեարկել»։


«Հրապարակ» թերթ գրում է. ««Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային եւ բյուջետային, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։ ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, ամենայն հավանականությամբ, այն կղեկավարի Միքայել Մելքումյանը, եվրաինտեգրման հանձնաժողովը, որը նախորդ ԱԺ-ներում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ կոչ արեց իշխանություններին՝ Դոնթի բանաձեւով չբաժանել հանձնաժողովները եւ իրենց՝ որպես ընդդիմադիր խմբակցության, մեկից ավելի հանձնաժողովներ վստահել, քանի որ «միայն այդ դեպքում կարելի է խոսել ժողովրդավարության, իշխանությանը հակակշռելու մասին»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»: ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն և՛ իրենք, և՛ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն: Հարությունյանի ղեկավարծ նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում. Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլեւ հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։ Եվ եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաեւ օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլեւ միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, եւ առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում։ Մեր տեղեկություններով, այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են ժամանակ առաջ ընդունելության մտնել ՀՀ վարչապետի մոտ՝ բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են»։


 


«Ժողովուրդ» թերթը թավշյա հեղափոխությունից հետո նշանակված նախարարների գործուղումների հաշվետվություններն ուսումնասիրելիս ուշագրավ փաստ է արձանագրել: «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օտարերկրյա այցերի ժամանակ բոլոր միջոցառումներին ելույթ ունենալիս անդրադարձել է թաշյա հեղափոխությանն ու դրա արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին` «գովազդելով» մեր երկիրը: Եվ սա այն դեպքում, երբ նա հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ ահա ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկիրը: Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում»:


«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը. վերջինս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է: «Իրատեսի» տեղեկություններով՝ նա 6-7 տարի բնակվել է Մոսկվայում, մի կարճ շրջան էլ՝ Արգենտինայում, մարտեր առանց կանոնների սպորտաձեւի մարզիկ է: «Սանոսյանի շրջապատից մի քանի թեկնածուներ կային, բայց թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, հավանություն են տվել Մելքոնյանի թեկնածությանը, որը Վարդենիսում անուն հանած քրեական որեւէ կլանի ներկայացուցիչ չէ,- ասաց մեր աղբյուրը։- Դեռ նախորդ տարի նա ցանկանում Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել, բայց մենամարտի ժամանակ վնասվածք էր ստացել ու չէր հասցրել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ Արամ Մելքոնյանը Մոսկվայում շինարարական մի ընկերության ղեկավար է, բիզնես ունի եւ հաճախ է օգնում վարդենիսցիներին, ինչի մասին չի սիրում խոսել: Հարցրինք՝ իսկ բիզնեսը չի՞ խանգարի համայնքը ղեկավարելուն. «Չեմ կարծում, ընկերությունը գործադիր տնօրեն ունի այնտեղ, ամեն հարցով զբաղվողներ էլ կան: Ինքն էլ այնպես չէ, որ քաղաքապետ դառնալու համար է եկել Հայաստան, դեռ երեք ամիս առաջ է վերադարձել»:


«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ռուսական կողմի, մասնավորապես Գազպրոմի հետ պետք է բանակցի նոր պայմանագրի շուրջ: Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռուսական կողմը որոշել է գազի սակագինը բարձրացնել, ինչին ի պատասխան կառավարությունից հնչում են հայտարարություններ, որ գնի շուրջ բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են: Նախքան այդ էլ հնչում էին հավաստիացումներ, որ գազի գնի բարձրացումը բացառված է, սակայն վերջին օրերին հնչող մտքերը, իսկ ավելի շուտ կառավարության կցկտուր պատասխանները ցույց են տալիս, որ բանակցություններում ինչ-որ խնդիր կա: Ընդհանրապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը բավական բազմաշերտ է այն իմաստով, որ նախկինում, երբ իշխանությունները ընդդիմության դերում էին, անընդհատ թմբկահարում էին այս հարցերը՝ նշելով, որ այս երկու ոլորտներում կան ահռելի չարաշահումներ, եւ դրանք վերացնելու դեպքում հնարավոր է սակագների էական նվազեցում: Սակայն արդեն իշխանության կարգավիճակում 8 ամսից ավելի աշխատանքը ցույց տվեց, որ կամ նման չարաշահումներ բացահայտվել են, բայց չկա դրանց ընթացք տալու քաղաքական կամք, կա՛մ էլ չեն բացահայտվել՝ կրկին կա՛մ կամքի, կա՛մ էլ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով: Խնդիրն, ընդ որում, հասկանալի պատճառներով ունի աշխարհաքաղաքական երանգ, որովհետեւ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք ռուսական կազմակերպությունների կամ ռուսական միջավայրը ներկայացնող անձանց հետ:


Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի համար կենսական ոլորտներում կա ռուսական գերակայություն: Ու այս իմաստով դժվար է մեղադրել նոր իշխանություններին, որ այդ մենաշնորհի դեմ հնարավոր չէ պայքարել նույն այն մեթոդներով, որոնցով, օրինակ, պայքար է գնում երկրի ներսում այս կամ այն չարաշահումների դեմ: Թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք լայն սոցիալական խոցելիություն ունեցող խնդրի հետ: Իսկ սոցիալական լայն խոցելիության դեպքում արդեն հետաքրքիր չի լինելու, թե ինչու թանկացավ գազը, ինչ քայլերի կամ դրանց բացակայության հետեւանքով: Այս իմաստով նոր իշխանություններն իսկապես ծանր փորձության առաջ են կանգնած»:


«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչեւ կառավարության ներկայացուցիչներ: Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ:


Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարեւորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին:


Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆիրամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: ՈՒ եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել. Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ եւ առաջ գնալու ուրույն տեսլականով: Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձեւավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են: Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյան աշխատանքից հետո կազմակերպում է իր ժամանցն ու ուրախանում ընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների սանիտարական տարրական պայմանները ծնողներն են հոգում, տատիկ-պապիկներն իրենց արտագաղթած երեխաներին ու թոռներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքներն ուղղակի բարոյական չեն:


Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: «Զորահանդեսի հրամանատարին» թվում է, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, սեփական ժողովրդից, տնտեսությունից: Այս տրամաբանությամբ քեֆ անողի քեֆը, երկրի հոգսերի նման, երբեք չի պակասի: Կարծում եմ՝ պետական այրերը պետք է կամք դրսեւորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ ռեստորանների սրտակեղեք երգերի ներքո պետական հարցերը լուծում չեն ստանում, իշխանությունների առջեւ դրված օրհասական խնդիրները, այն էլ պատերազմող երկրի պարագայում, բոլորովին այլ միջավայր ու սեղանակիցներ են ենթադրում»: