VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղպայմանագրի» անդամներին եւ իր թիմակիցներին խստիվ զգուշացրել է՝ եթե իմանամ իրար դեմ նյութեր եք պատվիրում, ֆեյքերով իրար դեմ աշխատում, նման մարդիկ մեզ հետ գնալու ճանապարհ չունեն։ Բայց ինտրիգների ու ֆեյքային պատերազմների միջոցով ասպարեզում հայտնված մարդկանց համար իրենց սովորույթներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ գործում ամենից հմուտն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, ում լծակներն ավելի մեծ են, իսկ Ֆեյսբուքում «աշխատողների» քանակը՝ ավելի շատ։ Ավելին, անգամ նրա կինն է ֆեյսբուքյան ակտիվիստ եւ հատկապես «Հրապարակի» դեմ ստատուսներ գրելու հանդեպ մեծ սեր ունի։ Նա երեկ մեզ «պատասխանատվության» դասեր էր տվել իր էջում՝ մոռանալով, որ առաջին փոխվարչապետի, ապագայում ԱԺ նախագահի կին լինելն է մեծ պատասխանատվություն ենթադրում, եւ իր գրած ամեն տողը վերագրվելու է իր ամուսնուն։ Տարրական գիտելիքներից ու կուլտուրայից զուրկ մարդիկ այսօր մամուլին ու լրագրողներին դասեր են տալիս։ Իսկ Միրզոյան ամուսինների հակակրանքը «Հրապարակի» նկատմամբ ոչ միայն հակակրանք է քննադատության նկատմամբ առհասարակ, այլեւ իրենց «պատվերները» մեզ մոտ տեղադրել չկարողանալու, մեր հրապարակումների բովանդակության վրա ազդելու անզորություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, եւ դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։ Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարեւոր փակ հանդիպումներ անող Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի ղեկավարությունը հուշել է՝ վերջին պահին փոխել բանակցությունների սենյակը, քանի որ այն «լսվել է»։ Նոր սենյակը, որն ընտրվել է ադմինիստրացիայի ուղղորդմամբ, գաղտնալսման տակ չի եղել, եւ հենց այնտեղ են կարեւոր որոշումներ կայացվել, որոնք վճռորոշ են եղել հեղափոխության հաղթանակի հարցում։ Եվ պատահական չէ, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը պարբերաբար լինում է «Մարիոթում», իսկ երեկ էլ «Իմ քայլը» ֆրակցիայի առաջին նիստն է անցկացրել «Մարիոթում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։ Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանակեն։ Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ․ եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը։ Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանքը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ըստ մեր աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կտակը: «Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ եւ, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր` վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չէին տեղափոխել հիվանդանոց: Վարկածներ կան, որ գործարարին թունավորել են, որը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար: Հայրապետյանը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացրել հայրենի Արցախում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս տարբերակը կարող է ողջունվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ «Քանի որ խմիչքի գողը գող չէ, հալալ խմեն»,- ասաց Գրիգորյանի իրերի հետեւից եկած հարազատը: Վերանորոգված ԱԺ-ն սպասում է նոր Հայաստանի «կարկառուն» օրենսդիրներին: Միակ չվերանորոգված սենյակն ԱԺ ապագա նախագահի կաբինետն է. ԱԺ ամառային վերանորոգումը սկսելու ժամանակ Արա Բաբլոյանը, որպես մինիմալիստ, չի համաձայնել, որ իր սենյակը եւս վերանորոգվի, եւ այն մնացել է հին վիճակում։ «Արարատը պիտի դիմանա»,- նկատեց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Թերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթ զանգահարած եւ տուգանքի ծանուցում ստացած մի շարք վարորդներ ՃՈ-ի հայտարարությունից հետո համարել են, որ ցույցերի օրերի խախտումների վարույթներն ինքնաբերաբար պետք է կարճվեին, եւ նրանց մեծ մասը այս նպատակով հատուկ չի դիմել ՃՈ»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 3 բնակարան: Բացի այդ՝ հայտարարագրել է նաեւ «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Թաշչյանի հանձնած փոխառությունները կազմել են 40000 ԱՄՆ դոլար եւ 10000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտները կազմել են 900 000 ՀՀ դրամ եւ 150 000 ՀՀ դրամ: Երկու եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից: Հ. Թաշչյանը եկամուտ է ստացել նաեւ արտարժույթով: Առաջինը կազմել է 23 000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է աշխատավարձից: Երկրորդը կազմել է 400 ԱՄՆ դոլար (տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը): Հավելենք, որ Հրաչյա Թաշչյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, դիվանագիտական առաքելություն է իրականացրել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի (Ռիժի Լյով) պաշտոնանկությունը դեռ շարունակում են քննարկել Արցախում եւ Հայաստանում։ Սակայն այս օրերին մեզ լուրեր են հասնում Արցախից, որ որոշ շրջանակներ համարում են, որ պաշտոնանկության իրական պատճառը բոլորովին էլ այդ արձագանքները չէին եւ Սասունին պատասխանելը չէր։ Մեզ ասացին, որ Հայաստանում կարծում, են, թե Լյովա Մնացականյանն այս ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես՝ բանակի այն հատվածը, որը քվեարկել է՝ որպես ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ զինվորներին հրահանգել են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին։ Շատերն, իհարկե, կասկածում են սրան, քանի որ անգամ մեծ ցանկության դեպքում Արցախի ՊԲ հրամանատարը չէր կարող քիչ թե շատ էական դերակատարում ունենալ այս հարցում։ Եթե անգամ ինչ-որ շրջանակներ նման հրահանգ ստանային, ապա այս տարի 2017-ի իրավիճակը չէր եւ հրահանգված քվեարկության դեպքում, նախ, դա արագ կիմացվեր, երկրորդն էլ՝ զինծառայողները քիչ հավանական է, որ ենթարկվեին նման հրահանգի։ Արցախում նաեւ խոսում են այն մասին, որ այս պաշտոնանկությունները եւ Փաշինյանի «զայրույթը» մեկ այլ հիմք էլ ունեն՝ ընտրությունների շրջանում, Սասունի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հարթելու համար Ղարաբաղ էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպել էր Բակո Սահակյանին, Լյովա Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին եւ ուրիշների, հանդիպումներից հաղորդագրություններ եւ լուսանկարներ էլ հրապարակվեցին։ Ստեփանակերտում խոսում են, որ այդ հանդիպումների ժամանակ արցախցիները բառացիորեն պատին են դեմ տվել Արմեն Գրիգորյանին՝ նրան ասել այն ամենը, ինչ չեն կարողացել ասել Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ այդ հանդիպումների ու արցախցիների «հանդգնության» մասին ինֆորմացիան է զայրացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին»: