3.04.2026
Ադրբեջանը չի լինի ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ, քանի որ կոնսենսուս չենք ապահովի. Ռուբինյան
10.09.2019
Ադրբեջանը չի լինի ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ, քանի որ կոնսենսուս չենք ապահովի. Ռուբինյան

Հայաստանն ինքնիշխան պետություն է և չունի որևէ կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում: Այդ մասին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս: Ռուբինյանն արձագանքել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր՝ ընդգծելով, որ այդ երկիրը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, հայտնում է Aysor.am-ը։ Այս հայտարարությունների առիթը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն էր՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը: «Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարել է Ռուբինյանը։