2.06.2025
Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյան
28.05.2019
Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, 1918֊ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց֊մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ֊Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը։ Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։ Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար։ 100֊ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում։ Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»։