Տեղի է ունեցել հանդիպում Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և ՀՀ հյուպատոսի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: «Հայտնում ենք, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները /ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի/, նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը: Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։ Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, օրերս «Սոչիի միջազգային օդանավակայանի» աշխատակիցները հայտարարություն են տարածել որով տեղեկացնում են, որ օդանավակայանում իրականացվում են կոշտ զտումներ ազգային հատկանիշով ու աշխատանքից ազատվում են հայկական ազգանուններով աշխատակիցները: