Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:
Ընդ որում գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:
Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները, իսկ Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակի՝ մասնակիորեն բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Ըստ այդմ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլդրդ ՀՀ դրամի չափով գրավի դիմաց։