ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը։ «ԱՄՆ Սենատի 1-50 բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երխտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։ Սա հիշատակի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին եւ համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում։ Այլեւս երբե՛ք»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։ Բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում եւ հիշատակում»։ Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: