Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին՝ վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող են լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: "Իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք՝ այն բարելավելու համար: Անխտիր բոլորս պետք է. կրենք բժշկական դիմակ ամենուր,հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից", - ասված է նրա գրառման մեջ: VERELQ-ը նշում է, որ հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած», - հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։