Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը
Կառավարության ապրիլի 29-ի նիստում հավանության է արժանացել արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը թույլատրող օրենսդրական փաթեթը: Արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։
«Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում, և Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները։ Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,-օրենքի հիմնավորումներում նշում է կառավարությունը։
Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։
Կառավարությունը նշել է նաև, որ արդյունաբերական կանեփը եղել է մանրաթելերի և յուղի արտադրության աղբյուր, որն օգտագործվում է՝ արտադրական և սպառողական բազմազան ապրանքատեսակների արտադրության համար: