9.06.2025
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում
18.08.2023
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետեւանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարեւորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում: Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: