24.11.2024
Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը 1,94 միլիարդ դրամ հատկացրեց «Ինժեներական քաղաքին»

Լուսանկարը` fip.am
Լուսանկարը` fip.am

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում որոշում ընդունեց 1,94 միլիարդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


Նախարարի խոսքով, սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատության ապահովմամբ: Մասնավորապես, նկատի ունենալով, որ 2024 թվականի մայիսի 31-ից հետո իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, առաջարկվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1,94 մլրդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:


Նշված գումարից 1,88 մլրդ դրամը կուղղվի 2024 թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, իսկ 67,9 մլն դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին:


Հայրապետյանը հիշեցրեց, որ 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ուստի նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից՝ վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով (67,9 մլն դրամ):