2.07.2026
Դա երեսպաշտութուն է. Բագրատ Սրբազանը քննադատեց ԱՄՆ դեսպանին
03.06.2024
Դա երեսպաշտութուն է. Բագրատ Սրբազանը քննադատեց ԱՄՆ դեսպանին

Բագրատ Սրբազանն այսօր ակցիա է իրականացնելու Քննչական կոմիտեի մոտ: Մինչ այնտեղ ուղևորվելը, շարժման մասնակիցները հավաքվեցին Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որտեղ Բագրատ Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես, ասաց, որ այսօրվանից սկսած շարժման դիվանագետներն այցելելու են բոլոր դեսպանատներ, ԵՄ ներկայացուցչություն՝ ժամադրությունները կան, բոլոր խնդիրներն իրենց ներկայացվելու է  Սրբազանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների թեմային, որն առաջ էր քաշել Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը. «Եկեք դրան չանդրադառնանք, դրա մասին չխոսենք: Ժամանակին կանդրադառնանք այդ թեմային»,- միայն ասաց Բագրատ Սրբազանը: Խոսելով այսօրվա օրակարգին՝ ՔԿ գնալուն, նա, նախ, ասաց, որ Արգիշտի Քյարամյանին ընդամենը մեկ անգամ է հանդիպել Արցախում, պատերազմի ժամանակ: Իսկ այսօր գնում են Քննչական կոմիտե, որոշակի պահանջներ ունեն ներկայացնելու, որոնք իրենց գործառույթների մեջ են: Բայց համարո՞ւմ է վերջինիս գործոն. «Մեր երկրում ոչ մեկն էլ գործոն չէ, այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված: Բայց ես հավատում եմ, որ մարդիկ, որոնք պաշտոնների են, կարող են ինչ-որ ընթացքում բեկել իրավիճակն իրենց անաչառության կամ արդարության սկզբունքով: Ամեն մարդ չէ, որ կարող է ենթարկվել ապօրինի քմահաճույքներին ու հրամաններին»,- հույս հայտնեց Բագրատ Սրբազանը: Նա նաև քննադատեց ԱՄՆ դեսպանին. «Ինչպես կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական բարեփոխումների մասին, հսկայական գումարներ տալ այդ բարեփոխումներին եւ այդ նույն այդ ոստիկանությունից 40 հոգով ծեծեն մի հոգու: ԱԳՆ-ի մոտիվ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հովհաննիսյանին ներս են քաշում,10 հոգով գլխին հարվածելով տանում: Դա՞ է ռեֆորմը, բա դա երեսպաշտություն չէ՞: Եթե առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա 40 հոգով են ծեծում, դա է բարեփոխո՞ւմ»,- շեշտեց նա: Նշենք, որ ցուցարարները հայելիներով են քայլում դեպի Քննչական կոմիտե, որպեսզի իրավապահները իրենց տեսնեն: Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը մշտապես հորդորում է իշխանությունների ներկայացուցիչներին ուրիշների հասցեին մեղադրանք հնչեցնելուց առաջ հայելու մեջ նայել։