23.11.2024
Սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության և միջազգային հանրության ճակատին
prev Նախորդ նորություն

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենի պատվիրակությունը ԱԺ-ում է

Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի եւ Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպելով Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Պետեր Լունդբերգի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ:


Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Պետեր Լունդբերգին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու իրականացվող աշխատանքները:


Նա եւ հանձնաժողովի անդամներն արժեւորել են կառույցի հետ համագործակցության ամրապնդումը, ընդգծել փորձի փոխանակման կարեւորությունը:


«Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեր վերահսկողությունն իրականացնում ենք, եւ հենց այստեղ է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության աջակցությունն ենք զգում»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելով՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:


Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ կառույցը թեեւ փոքր է, սակայն համագործակցում է 70 երկրի հետ: «Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ լրացել է Հայաստանում գրասենյակի գործունեության մեկ տարին:


Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ Պետեր Լունդբերգը, մասնավորապես, ասել է. «Կցանկանայի նաեւ Հայաստանին շնորհավորել այն առաջընթացի կապակցությամբ, որ ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ օրում մարդու իրավունքների պաշտպանության կատարյալ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց կարեւոր է, որ ձեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում»: Նա նաեւ հավելել է, որ նշված ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան:


Պետեր Լունդբերգը ներկայացրել է 40-ամյա կառույցի գործունեության ուղղությունները, կարեւորել ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը: «Հուսով եմ, որ ՄԱԿ-ի միջոցով կշարունակենք ձեզ հետ աշխատել: Հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է կառույցի ղեկավարը:


Զրուցակիցները երկուստեք կարեւորել են համագործակցության ամրապնդումն ու խորացումը: